ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը դեմ քվեարկեցին. ԵԱՏՄ-ից դուրս գալու ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մերժեց «ԵԼՔ» խմբակցության առաջարկը` ԵԱՏՄ-ից դուրս գալու համար եզրակացություն ստանալու վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին։
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի 11 անդամներից միայն մեկ կողմ քվեարկություն արձանագրվեց՝ կողմ էր «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը և արձանագրվեց, նման հանձնաժողով ստեղծելու կարիք չկա:
Մինչ քվեարկությունը հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով: Փաշինյանը հիշեցրեց, որ իրենց ներկայացված նախագիծը այն չէ, որ որոշում են ԵԱՏՄ-ից դուրս գալ, այլ այն է, որ հանձնաժողով են ստեղծում այդ հարցի վերաբերյալ եզրակացություն տալու համար:
Փաշինյանը պնդեց, որ նման հանձնաժողովը հենց իշխանությանն է պետք, որ ցույց տան, թե ինչ լավ բան է ԵԱՏՄ-ն:
«Միակ շատ թե քիչ տրամաբանական հիմնավորումը Գեղամյանը բերեց՝ դա շանտաժն է, այ գազը կթանկացենք, թուրքերին բաց կթողենք ձեզ վրա, հոսանքը կթանակացնենք: Էդ ենք ասում, ասում ենք ժամանակավոր ստեղծեք, որովհետև հրապարակային բան չեք կարողանում ասել: Բա էդ ծով լիազորությունները ինչի՞ համար եք պահում, որ օրվա համար եք պահում»,-ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ իրենք այլընտրանքի մասին են խոսում, որից հենց ՀՀԿ-ն է հրաժարվել:
«Մենք ասում ենք՝ արգումենտ, արգումենտ, մեզ ասում եք՝ չէ, այդպես չի, այդպես չի, դե ասեք բա ո՞նց է: Ասում եք՝ ԵԱՏՄ-ն դուռ է մեզ համար, հիմա դո՞ւռ է, թե «չոռնի խոդ», որ «պպզած» պետք է չոքեչոք անցնենք»,-ասաց նա:
Նիստի օրակարգի հաջորդ հարցը «ԵԼՔ» խմբակցության կողմից խորհրդարանին ներկայացված նախագիծն էր, որով առաջարկվում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսել:
Հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նիստին չէր ներկայացել:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ այդպես էլ ենթադրում էր, ինչը նշանակում է, որ հարցի քննարկումը մինչև երկու ամիս կհետաձգվի:










