«Անհնար է Սերժ Սարգսյանի հետ զրուցել, որովհետև նա այդ հարցի մասին չի ցանկանում զրուցել». Գալուստ Սահակյանը` Նախագահի հետագա պաշտոնավարման մասին (տեսանյութ)

17:52 • 27.09.17

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը երկրի  կառավարման հետագա ընթացքի մասին իր անձնական տեսակետն ունի: Նա այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե իր պատկերացմամբ՝ երկրի հետագա կառավարումը պետք է իրականացնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Գալուստ Սահակյանը երբեք անփոխարինելի բառը չի օգտագործել, ես ասում եմ, որ երկրի հետագա կառավարումը պետք է իրականացնի Սերժ Սարգսյանն՝ այսօրվա մեր նախագահը: Սա իմ անձնական, ոչ թե կուսակցական տեսակետն է: Բնականաբար, յուրաքանչյուր հանրապետական իր տեսակետը պետք է ասի՝ մեկը պետք է ասի, որ ինքն այդ մասին չի մտածել, չի ուզում պատասխանել, մյուսը պետք է ասի, որ Գալուստ Սահակյանը ճիշտ է ասում, և այլն»,- ասաց նա:

Սահակյանը չի կարծում, թե իր խոսքերը դուր չեն եկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին. «Ես չեմ կարծում, որովհետև ես անընդհատ տեսնում եմ վարչապետին և  նման խոսակցությունները չեն լինում՝ դուր եկավ, թե՞ դուր չեկավ: Վերջին հաշվով` ամբողջ քաղաքական դաշտն ու լրագրողները պետք է հասկանան, որ այդ քաղաքական կուսակցության ղեկավարը Սերժ Սարգսյանն է»,- շարունակեց Գալուստ Սահակյանը:

Հարցին՝ ինչո՞ւ հենց Կարեն Կարապետյանը հրավիրվեց որպես Կառավարության ղեկավար, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ինքը պետք է շարունակի իր աշխատանքը, որովհետև ինքը ներկայացրել է շատ լավ նախագիծ, և ինքը կշարունակի այդ նախագիծը»:

«Ուզո՞ւմ եք ասել 2018-ից հետո էլ կշարունակի պաշտոնավարել» հարցին ԱԺ նախկին նախագահը պատասխանեց. «Իհարկե, կշարունակի, բայց ինչո՞ւ եք հենց հիմա ինձանից պահանջում, որ ես ասեմ, թե ով որտեղ կաշխատի: Պաշտոնական այնպիսի հնարավորություններ կան, որ բոլորը կարող են աշխատել: Հենց եկավ այն ժամանակը, երբ ՀՀԿ-ն իր որոշումն ընդունեց, ինքը կորոշի, թե ինչպես դա կլինի: Ես այսօր ասում եմ, որ երկրի քաղաքական, տնտեսական ղեկավարը պետք է լինի Սերժ Սարգսյանը»:

Հարցին՝ այս հարցի շուրջ զրուցե՞լ է Սերժ Սարգսյանի հետ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Անհնար է զրուցել, որովհետև նա այդ հարցի մասին չի ցանկանում զրուցել»։

 

 

 

ՀեղինակԱնի Օհանյան