Մեծ Բրիտանիան աջակցում է ՄԽ համանախագահների ջանքերին՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ալան Դանքըն
Մեծ Բրիտանիան լիարժեք աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։
Սեպտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում «Միացյալ Թագավորություն և Հայաստան-խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառման ընթացքում այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Ալան Դանքընը՝ պատասխանելով «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանի հարցին։
«Մենք հակամարտող կողմերին խրախուսում ենք ակտիվորեն ներգրավվել բանակցային գործընթացում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Դանքընը:
Նա հավելել է, որ հակամարտության կարգավորումը կարող է հանգեցնել տարածաշրջանում ահռելի տնտեսական առաջընթացի և կայունության:










