Իրաքը դադարեցնում է Քուրդիստանից միջազգային չվերթները

15:29 • 27.09.17

Իրաքի ավիաիշխանությունները դադարեցնում են Իրաքյան Քուրդիստանի Էրբիլ և Սուլեյմանիա քաղաքների օդանավակայաններից բոլոր միջազգային չվերթները՝ ինքնավար շրջանի անկախության մասին հանրաքվեից հետո: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իրաքի քաղավիացիայի վարչության հաղորդագրությունը:


«Սկսած սեպտեմբերի 29-ին՝ տեղի ժամանակով ժամը 18:00-ից դեպի Էրբիլ և Սուլեյմանիա բոլոր չվերթները և այդտեղից բոլոր թռիչքները կդադարեցվեն, մինչև հետագա ծանուցումը: Բացառություն են իրաքյան ավիաընկերությունների ներքին չվերթները»,- հաղորդվում է վարչության մամուլի ծառայությունում:


Իրաքի կառավարությունը երեքշաբթի հայտարարել է Իրաքյան Քուրդիստանի հետ միջազգային ավիահաղորդակցության արգելք սահմանելու որոշման մասին, եթե շրջանի կառավարությունն իր վերահսկողության տակ չփոխանցի շրջանում գտնվող օդանավակայանները:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:


Հանրաքվեին մասնակցելու իրավունք ուներ 5 մլն 200 հազ. ընտրող:  Նշվում է, որ թուրքմենների մեծ մասը բոյկոտել է հանրաքվեն, մեծ ակտիվություն չեն ցուցաբերել նաև Քիրկուկի արաբները, մինչդեռ քիրկուկցի քրդերը վճռականորեն օգտագործել են իրենց ձայնը:


Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: Իրաքի իշխանությունները նաև հայտարարել են, որ բանակցություններ չեն վարելու Քուրդիստանի շրջանային կառավարության հետ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հանրաքվեի անցկացման դեմ են հանդես եկել Թուրքիան և Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը: