Հրվ. Կորեայում հայտարարել են, որ Կորեական թերակղզում լարվածությունը հասել է պատերազմի ավարտից ի վեր ամենաբարձր մակարդակի

10:07 • 27.09.17

Կորեական թերակղզում լարվածությունը հասել է 1950-1953 թվականների Կորեական պատերազմի ավարտից ի վեր ամենաբարձր մակարդակի: Այդ մասին չորեքշաբթի Սեուլի ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում հայտարարել է իշխող «Տոբուրո» դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, խորհրդարանական խմբակցության նախկին առաջնորդ Ու Սան Խոն, հայտնում է ТАСС-ը:


«Լարվածությունը տարածաշրջանում հասել է ամենաբարձր կետի, հակամարտության հավանականությունն այժմ բարձր է՝ ինչպես երբևէ»,- նշել է նա: Քաղաքական գործիչն ընդգծել է, որ անհրաժեշտ է կանխել ԱՄՆ-ի կողմից ԿԺԴՀ-ի նկատմամբ ուժի կիրառումը:


«Եթե Վաշինգտոնը կանխարգելիչ հարված հասցնի Հյուսիսի ուղղությամբ, դա կբերի Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև լայնամասշտաբ պատերազմի: Հակամարտությունը կարող է չներգրավել ԱՄՆ մայրցամաքային տարածքը, բայց ավերածություն կբերի Կորեական թերակղզում»,- նշել է Ու Սան Խոն:


Շաբաթ օրն ամերիկյան օդուժի B-1B Lancer ռմբակոծիչները Ճապոնիայի Օկինավա կղզուց դուրս եկած F-15C Eagle կործանիչների ուղեկցությամբ թռել են Հյուսիսային Կորեայի արևելքում գտնվող ջրերի վրայով, որը համարվում է միջազգային օդային տարածք՝ հասկացնելով, որ Փհենյանին զսպելու համար Վաշինգտոնը պատրաստ է ռազմական միջամտության:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հյուսիսային Կորայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ռի Յոն Հոն սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում (ԳՎ) հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընին «մարդ-հրթիռ» անվանելուց հետո, ԱՄՆ-ի հրթիռակոծումն «անխուսափելի է»: «Այժմ մեզ մի քանի քայլ է մնացել միջուկային պետություն դառնալու համար»,-շարունակել է Ռին՝ ընդգծելով, որ իրենք պատրաստ են ամեն գնով պաշտպանվել Միացյալ Նահանգներից: Դիվանագետի պնդմամբ՝ Փհենյանի վերջնական նպատակն ԱՄՆ-ի հետ ռազմական ուժի հավասարակշռումն է:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի ԳՎ-ում ունեցած անդրանիկ ելույթի ժամանակ Թրամփը կիմ Չեն Ընին «մարդ-հրթիռ» էր անվանել ու սպառնացել անհրաժեշտության դեպքում «ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիային Կորեան»: