Ընդհանուր բյուջե և ընդհանուր բանակ. Մակրոնը խոսել է իր պատկերացրած ԵՄ բարեփոխումների մասին

01:23 • 27.09.17

Եվրոպական միությանը հարկավոր է միասնական պաշտպանական բյուջե և համատեղ բանակ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝  Սորբոնի համալսարանում ԵՄ բարեփոխման շուրջ ունեցած ելույթի շրջանակներում։

Ըստ Մակրոնի՝ համաեվրոպական բանակը պետք է ստեղծվի մինչ 2020թ․՝ որպես ՆԱՏՕ-ի զինված ուժերի համալրում, գրում է Ռոյթերզ լրատվամիջոցը:

Մակրոնը ներկայիս Եվրոպան անվանել է «չափից դուրս թույլ և ոչ արդյունավետ»։ Անդրադառնալով տնտեսական խնդրին՝ Ֆրանսիայի նախագահը կրկնել է այն գաղափարը, որ բոլոր այն երկրներին, որոնք եվրագոտում են գտնվում, ընդհանուր բյուջե է հարկավոր:


«Միայն ուժեղ ու միջազգային արժույթով եվրոյի գոտին կարող է հիմք դառնալ եվրոպական տնտեսության համար, որը կարող է մրցակցություն կազմել գլոբալ մակարդակով», - նշել է Մակրոնը:

Ինչ վերաբերում է միգրացիոն ճգնաժամին՝ Մակրոնն առաջարկել է ստեղծել փախստականների հարցով հատուկ համաեվրոպական գործակալություն, որը կպարզեցնի նրանց ընդունելության ընթացակարգը։