Մի օր էլ Նաիրիտի՝ վերագործարկման ենթակա տեղամասերի երկաթը կկտրատեն. բողոքի ակցիա ԱԺ դիմաց (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով արդյունաբերական նախկին գիգանտի վերագործարկումը: Նախկին աշխատակիցները գտնում են, որ գործարանն ի զորու է շահագործման:
Նախկին աշխատակիցներից Սեդա Մատինյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչև վերջին 2 տարին Նաիրիտի աշխատակիցներն ամեն կերպ պահել են գործարանն այնպես, որ հնարավոր լինի ցանկացած ժամանակ վերագործարկել:
«2 տարի է, ինչ աշխատակիցներին ազատել են, շատ քիչ մարդիկ են մնացել, որոնք անտեղյակ են պահպանման կարգից, երևի թե նաև տեղեկություն չունեն, թե մնացած հումքի, մնացորդների, այրման ենթական մնացորդների հետ ինչպես պետք է վարվել: Ինչ-որ մի խելոք մարդ ասել է, որ ավելի լավ է, հեշտ է գործարանը կանգնեցնել, քան վերագործարկել»,- ասաց նա:
Մատինյանի խոսքով՝ Նաիրիտ գործարանը աշխարհում բացառիկ է, իսկ արտադրանքի որակը երբեք վատը չի եղել: Նա պնդեց՝ «Նաիրիտ» գործարանի վերագործարկումը հնարավոր է:
«Հիմա սնանկացման եզրին է գործարանը, արդեն որպես մետալալոմ՝ կտրատում են: Ըստ իրենց՝ կտրատում են այն արտադրամասերի մետաղը, որոնք իբև թե հետագա վերագործարկման պիտանի չեն, բայց կգա մի ժամանակ, որ կհասնեն այն տեղամասեր, որոնք պիտանի են վերագործարկման»,- ընդգծեց Սեդա Մատինյանը:
Նաիրիտի նախկին աշխատակիցների Տիգրան Մինասյան էլ, համաձայնելով գործընկերուհու հետ, ավելացրեց, որ իրենք նաև պահանջում են իրենց աշխատավարձերի ուշացման հետ կապված տույժ-տուգանքները վերադարձնել, քանի որ իրենց վճարվել է միայն մայր գումարը:
«ԱԺ-ի դիմաց ենք, որովհետև հույս ունենք, որ պատգամավորները կաջակցեն մեզ բարձրացնել խնդիրն ԱԺ-ում: Մենք հանդիպել ենք «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանին և Արայիկ Աղաբաբյանին, որոշ ժամանակ առաջ էլ հանդիպել ենք «Ելք»-ից Գևորգ Գորգիսյանին»,-հավելեց Մինասյանը:
Խորհրդարանականները Նաիրիտի նախկին աշխատակիցներին խոստացել են միջնորդել ու խնդիրը բարձրաձայնել:













