ԱՄՆ-ում դեմոկրատ կոնգրեսականը Ներկայացուցիչների պալատում ծնկի է իջել՝ ի նշան Թրամփի դեմ բողոքի (լուսանկարներ, տեսանյութեր)
Տեխասից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Շեյլա Ջեքսոն Լին, ցանկանալով իր բողոքը հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին ու համերաշխությունը՝ նախագահին ընդդիմացած մարզիկներին, ծնկի է իջել Ներկայացուցիչների պալատում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, կինը հետևել է Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի ավելի քան 100 սևամորթ խաղացողների օրինակին, որոնք Թրամփին քննադատել էին իրենց ազատությունը սահմանափակելու, ռասիստական վարքագիծ դրսևորելու համար:
Ամեն ինչ սկսվել է բեյսբոլիստ Բրյուս Մաքսվելից: Մարզիկը հանդիպումներից մեկի ժամանակ խախտել է ավանդույթն ու ԱՄՆ ազգային հիմնի կատարման ընթացքում ծնկի իջել: Մինչդեռ, ըստ ավանդույթի, մարզիկները հիմնի կատարման ժամանակ պետք է կանգնած լինեն: Այսպիսով՝ Մաքսվելն իր դժգոհությունն է հայտնել երկրում ռասիզմի դրսևորման դեպքերի աճի առնչությամբ: Դրան ի պատասխան Թրամփը Twitter-ում գրել է, որ օրհներգի ժամանակ ծնկի իջնելը հայրենասիրության պակասի նշան է:
Այնուհետև ԱՄՆ նախագահը դիմել է Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի (ԱՖԱԼ) թիմերի տերերին՝ կոչ անելով աշխատանքից հեռացնել այն սրիկաներին, որոնք համարձակվել են հիմնի կատարման ժամանակ չկանգնել: Հայտնի է, որ օրերս «Դալաս Քոուբոյս» թիմի բոլոր անդամները միահամուռ ծնկի էին իջել մարզադաշտում:
Կոնգրեսական Շեյլա Ջեքսոն Լիի կարծիքով՝ նախագահի վիճահարույց հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ռասիզմ:
ԱՖԱԼ-ի կանոնադրության համաձայն՝ յուրաքանչյուր խաղից առաջ պետք է կատարվի ազգային օրհներգը, որի ժամանակ բոլոր խաղացողներն անխտիր պետք է ոտքի կանգնեն:
Մարզիկների հետ ընդհարման ֆոնին, նախագահը չեղարկել է NBA-ի չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» բասկետբոլային թիմի անդամների համար Սպիտակ տուն այցելելու հրավերը: Թիմի անդամներն իրենց հերթին հայտարարել են, որ չեն պատրաստվում Սպիտակ տուն գնալ: Թիմի աստղ Սթիվ Քարին լրագրողներին ասել է, որ դեմ է, որ բասկետբոլիստները հանդիպեն Թրամփին: Աղբյուրը նկատում է, որ նման բան չէր եղել նախագահ Ռոնալդ Ռեյգանի ժամանակներից ի վեր:
«Սպիտակ տուն այցելելը հաղթած թիմի համար մեծ պատիվ է, բայց Սթիվեն Քարին երկմտանքի մեջ է: Ուստի՝ չեղարկում եմ հրավերը»,-գրել է Թրամփը:
Մինչդեռ հայտնի բասկետբոլիստներ ԼեԲրոն Ջեյմսն ու ԼեՍին ՄքՔոյը նախագահին ապուշ են անվանել:
«Սպիտակ տուն գնալը մեծ պատիվ էր նախքան քո այնտեղ հայտնվելը»,- պատասխանել է ԼեԲրոն Ջեյմսը:














