Մենք որոնում ենք ճանապարհներ՝ ինչպես թույլ չտալ իրավունքի չարաշահմամբ տեղեկատվություն պահանջել. Դ. Հարությունյան

14:00 • 28.09.17

 

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի վերաբերյալ այժմ աշխատանքներ տարվում են, բայց շրջանառության մեջ դրված նախագիծը, որը բուռն քննադատություն է առաջացրել, ունի որոշ չափով անհայտ ծագումնաբանություն:

Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Անհրաժեշտ է քննարկել այն, ինչը քննարկվում է և պատրաստ է քննարկման: Տարբեր անձանց կողմից հնչած գաղափարների հավաքածուի վերաբերյալ քննարկում է իրականացվում:

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի վերաբերյալ աշխատանքներ տարվում են և երբ պատրաստ լինեն որոշակի մոտեցումներ, դրանք կդրվեն հանրային քննարկման»,- նշեց նախարարը:

Նրա վստահեցմամբ՝ առանց հանրային քննարկման որևէ նախագիծ օրենք չի կարող դառնալ: Ինչ վերաբերում է շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի այն դրույթին, որ պետական կառույցները կպատասխանեն այն հարցերին, որոնք հանրային հետաքրքրություն ներկայացնող են, Դավիթ Հարությունյանը պատասխանեց.

«Հարցը, իհարկե, պետք է կարգավորվի օրենքով, իսկ ինչ ձևով պետք է կարգավորվի՝ մենք կքննարկենք ձեզ հետ միասին: Մի բան ակնհայտ է՝ յուրաքանչյուր երկիր որոնում է ճանապարհներ՝ ինչպես թույլ չտալ իրավունքի չարաշահմամբ տեղեկատվություն պահանջել»,- հայտարարեց նա:

Դավիթ Հարությունյանի տեղեկացմամբ՝ այս առումով լուծումներ են որոնվում, ուսումնասիրվում է միջազգային փորձը: