Հերմինե Նաղդալյանը, Դավիթ Բեգլարյանը, Գագիկ Առաքելյանը մինչ օրս մեր տների վկայականները չեն վերադարձնում. տուժած քաղաքացիներ (տեսանյութ)

15:57 • 28.09.17

«Նորաշեն 2007» կոոպերատիվի գործողություններից տուժած մի խումբ քաղաքացիներ այսօր հերթական անգամ հավաքվել էին կառավարության շենքի առջև:

Tert.am-ի հետ զրույցում բնակիչները նշեցին, թե իրենց բնակարանների վկայականները մինչև օրս գտնվում են այլ անձանց մոտ։  

«Հերմինե Նաղդալյան, Դավիթ Բեգլարյան, Գագիկ Առաքելյան, ով ԱԱԾ-ի աշխատակից է, մինչև օրս բնակիչների տան վկայականները չեն ուզում վերադարձնել: Այն պաշտոնյաներն են, ովքեր ոչ միայն դատարանին թելադրել են՝ ոնց դատավարություն վարեն, այլ նույնիսկ ցուցմունքներն են փոխել: Թադևոսյանը, Սամվելյանը, այսինքն՝ շենքը կառուցողները իմ աչքի առաջ ցուցմունք են տվել, որ այդ մարդը տոկոսի դիմաց է ձևակերպել կեղծ գործարքներ: Այսինքն՝ 13 մլն դրամ է տվել և գրավի դիմաց վերցրել է 3 բնակարան, որից մեկն էլ իմ բնակարանն է»,-ասաց տուժածներից մեկը:  

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ վճարել են անհրաժեշտ գումարները բնակարաններ ստանալու համար, սակայն պարզել են, որ իրենց տները «Նորաշեն 2007» կոոպերատիվը գրավ է դրել: Արդյունքում նրանց բնակարանները, ըստ բնակիչների, հայտնվել են ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի և նրա ամուսնու՝ Դավիթ Բեգլարյանի և այլ անհատների ձեռքում։

«Այսօրվա մեր հույս ու հավատը վարչապետն է, որ վկայականները մեզ վերադարձնեն, այդ կիսատ շենքը մենք կվերականգնենք»,-ասացին նրանք:


Մանրամասները՝ տեսանյութում: