ԵԱՏՄ միասնական դրույքաչափերի ուժի մեջ մտնելուց հետո 10 տարվա «Օպել»–ների մաքսազերծումը 4-5 հազար դոլար կարժենա, որոշ դեպքերում՝ ավելի շատ. Վ. Սահակյան

20:12 • 28.09.17

ԵԱՏՄ-ում գործող միասնական դրույքաչափերի ուժի մեջ մտնելուց հետո չի բացառվում, որ «Օպել» մակնիշի 10 տարվա մեքենաների մաքսազերծումը  4-5 հազար դոլար կարժենա: Որոշակի դեպքերում, երրորդ երկրներից ներկրած մեքենաները կարող են շատ ավելի բարձր դրույքաչափերով մաքսազերծվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի համար մի շարք ապրանքատեսակների համար սահմանվեցին ժամանակավոր մաքսային արտոնությունները, իսկ 2018 թվականից սկսած` երրորդ երկրներից ներկրվող ապրանքներ կմաքսազերծվեն ԵԱՏՄ-ում գործող միասնական դրույքաչափերով: Լրացուցիչ մաքսային բեռ ավելանալու է նաև այլ երկրներից մեքենաներ ձեռք բերելիս: Ներկայում Հայաստանում մեքենաների համար մաքսատուրքը 10 տոկոս է, սակայն 2020 թվականից ուժի մեջ կմտնեն մեքենաների ԵԱՏՄ մաքսատուրքերը:

«Մենք որ մտնում էինք Մաքսային  միություն, մեզ ժամանակ տվեցին առայժմ ներկա տոկոսադրույքները կիրառելու համար։ Իհարկե, երբ այդ ժամկետը վերջանա, մենք անցնելու ենք տարիֆներին, որը մեզ թելադրելու է Ռուսաստանը: Այսինքն, իրենց մոտ գործող մաքսային օրենքները մեկին մեկ կրկնօրինակելու ենք»,- նշեց Վահագն Սահակյանը:

Նրա կարծիքով՝ այս քայլը անհեթեթություն կլինի Հայաստանի համար, որովհետև եթե  Ռուսաստանը այս դեպքում պաշտպանում է իր ներքին արտադրողի շահը, ապա ՀՀ-ն այս հարցում պաշտպանելու ոչինչ չունի:

«Փոխարենը վնասելու ենք ՀՀ քաղաքացիներին, որոնք առանց այդ էլ սոցիալական բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնած: Մեզ վրա նման դրույքաչափ կիրառելը նշանակում է, որ միայն իրենց արտադրանքը պետք է վաճառվի և ֆինանսապես ձեռնտու չի լինելու, որպեսզի այլ տեղերից էլ մենք ինչ-որ բան ներկրենք»,- նկատեց նա:

Ըստ Սահակյանի՝ ԵԱՏՄ միասնական դրույքաչափի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանում ոչ թե կշատանան ռուսական մեքենաները, այլ միայն Ռուսաստանից ներկրված մեքենաներ կլինեն:  Բայց ամենից շատը տուժվելու են այն ավտոներկրողները, ովքեր  Հայաստանում եվրոպական արտադրության մեքենաների պաշտոնական ներկայացուցիչն են:  

«Տարբեր մեքենաների դեպքում տարբեր գործակիցներ կլինեն, որովհետև հաշվարկային մեխանիզմները մեզ մոտ արվում է թվականից և մոդելից կախված, իսկ մաքսային օրենսգրքով հաշվարկվում է նաև քաշը»,- ասաց Վահագն Սահակյանը:

Նշենք նաև, որ օրերս կայացած «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտներն ու կորուստները» խորագրով քննարկմանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո միայն 1700 ապրանքների դրույքաչափերն են նվազել, իսկ ավելացել են՝ 6300-ինը, ևս 700 ապրանքատեսակների դրույքաչափերը թանկանալու են առաջիկա տարիներին: Դանիել Իոաննիսյանը նաև ասել էր, որ ԵԱՏՄ մաքսատուրքերի ավելացման պատճառով 15 տարվա «Օպել Աստրա» մակնիշի մեքենայի մաքսազերծումը ներկա 1000 եվրոյի փոխարեն արժենալու է 4000 եվրո: