ԱՄՆ-ում ոստիկանները կրակել են կողոպտիչի դեր խաղացող դերասանի վրա

16:37 • 28.09.17

ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Քրոֆորդսվիլ քաղաքում ոստիկանները կրակել են դերասան Ջիմ Դաֆի վրա՝ նրան դնելով իրական կողոպտիչի տեղ: Այս մասին հայտնում է The New York Post-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ իրավապահներն ուշադրություն են դարձրել դիմակով մարդու վրա, որն ատրճանակով դուրս է եկել շենքից: Նրանց թվացել է, որ տղամարդը նկարագրությամբ նման է բանկի կողոպտիչին, որին իրենք որոնում էին:

Նշվում է, որ ոստիկանները պահանջել են կասկածյալից վայր դնել զենքը, սակայն նա չի ենթարկվել հրամանին: Այդ ժամանակ ոստիկաններից մեկը կրակ է բացել: Հրաձգության հետևանքով ոչ ոք չի տուժել:

Տեղի ունեցածից հետո Դաֆը հանել է դիմակը, նետել ատրճանակը և պատմել ոստիկաններին, որ նրանք հայտնվել են նկարահանման հարթակում:

Ենթադրվում է, որ ֆիլմարտադրությամբ զբաղվող ընկերությունն ամենայն հավանականությամբ չի նախազգուշացրել տեղական իշխանություններին այն մասին, որ այդ վայրում նկարահանումներ են անցկացվելու: