Հունական Կաստելորիզո կղզու ափերի մոտ ներգաղթյալների տեղափոխող նավակ է խորտակվել, մահացել է 9-ամյա աղջիկ

14:41 • 28.09.17

Կաստելորիզո կղզու ափերի մոտ՝ Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում, ներգաղթյալների տեղափոխող նավակ է խորտակվել, այս մասին հայտնում է աթենքյան АМНА գործակալությունը: 

Նավակը խորտակվել է եղանակային վատ պայմանների պատճառով՝ Կաստելորիզոյից հյուսիս-արևմուտք: Առայժմ հայտնի չէ, թե որքան ներգաղթյալ է գտնվել նավում:

Վեց ներգաղթյալի՝ այդ թվում 9-ամյա մի աղջկա, իրենց նավի վրա են բարձրացրել սահմանային վերահսկողության եվրոպական Frontex գործակալության փրկարարները: 9-ամյա փոքրիկը, սակայն, հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է:

Եվս 20 հոգի կարողացել է ափ հասնել ինքնուրույն, որտեղ նրանց նկատել են զբոսանավերի վրա գտնվող մարդիկ ու հայտնել առափնյա անվտանգությանը:

Այժմ ծովում շարունակվում են փրկարարական աշխատանքները, դրանց մասնակցում է նաև մեկ ուղղաթիռ և երկու նավ: