Բոլոր մատակարարներն էլ գիտեն, թե ում են զենքը վաճառում և վերջում այն որտեղ է հայտնվում․ փորձագետը՝  ՌԴ-ից ՀՀ-ին մատակարարվող զինամթերքի նկատմամբ վերահսկողության մասին

20:34 • 28.09.17

Արցախի դեպքում շատ դժվար է հետևել, թե զենքը որտեղ է գտնվում. փորձագետը՝ ՀՀ-ին մատակարարած զինամթերքի նկատմամբ ՌԴ վերահսկողության մասին

Regnum.ru-ի ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի խոսքով՝ զենքի մատակարարման մասին ցանկացած համաձայնագիր նախատեսում է, որ զինամթերք ստացող երկիրը չի կարող զբաղվել զինամթերքի տեղափոխմամբ, եթե իհարկե համաձայնագրով դա նախատեսված չէ:

Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով 2016թ․հոկտեմբերի 13-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» համաձայնագրի շուրջ եղած քննարկումներին, ըստ որոնց՝ Ռուսաստանը գուցե սահմանափակի Հայաստանին՝ Արցախին տրամադրող ռազմական օգնության հարցում՝ փորձագետն ասաց, որ այս դեպքում դժվար է ասել՝ որ զենքը որտեղ է գտնվում։

«Քանի որ Հայաստանի և Արցախի Զինված ուժերի միջև եղած սահմանն այնքան էլ չի երևում, և դրսում իրավիճակին առանձնապես չեն հետևում և այս տարիների ընթացքում չեն էլ հետևել, պետք չէ սպասել, որ այդ միտումներն ինչ-որ ձևով կփոխվեն:  Մատակարարման մասին համարյա բոլոր համաձայնագրերով էլ չի նախատեսվում ցանկացած այլ երկրի զինամթերք տրամադրելը, բայց, ամեն դեպքում, Արցախի դեպքում շատ դժվար է հետևել, թե որ զենքը որտեղ է գտնվում: Իհարկե, բոլոր մատակարարներն էլ գիտեն, թե ում են զենքը վաճառում և վերջում այն որտեղ է հայտնվում»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե կա տեսակետ, ըստ որի, եթե մենք անգամ չկարողանանք ռուսական զենք տրամադրել Արցախին, կարող ենք այլ երկրներից ձեռք բերվածները տալ, Լեոնիդ Ներսիսյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, Հայաստանը շատ սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ ունի, ինչը հիմնականում թույլ չի տալիս Հայաստանին ձեռք բերել Արևմուտքում արտադրված զինտեխնիկա: Կարելի է պայմանականորեն ծախսել 200 միլիոն դոլար և գնել շատ ուժեղ զինտեխնիկա Ռուսաստանից, ինչպես վերջերս արվեց և կարելի է ծախսել նույն գումարը և գնել մի քանի միավոր անօդաչու և այլ ռազմական տեխնիկա, և վերջ: Այս ճանապարհը մեզ տանում է փակուղի»,- ասաց նա:

Լեոնիդ Ներսիսյանը նաև նկատեց, որ չպետք է մտածել, որ արևմտյան մատակարարները չեն նախատեսի վերահսկողություն՝ զինամթերքը այլ երկրի տրամադրելու դեպքում:

«Դեռ ավելին՝ Արևմուտքը կփորձի ավելի մանրամասն հետևել, թե որտեղ է օգտագործվում զինամթերքը»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե այնուամենայնիվ եթե Հայաստանը Ռուսաստանի առջև ունեցած պարտավորության համաձայն չկարողանա Արցախին զենք տրամադրել, արդյո՞ք այլ երկրներից գնված զենքերով Արցախը կարող է պայքարել Ադրբեջանի դեմ, ռազմական փորձագետը պատասխանեց. «Ակնհայտ է, որ Հայաստանը չունի միջոցներ այլ երկրներից ռազմատեխնիկա գնելու համար: Հնարավոր է, որ Չինաստանից գնած ռազմական տեխնիկան Արցախին տրամադրի: Սակայն պետք է հաշվի առնել, որ չնայած չինական արտադրանքը համեմատաբար էժան է, հիմնականում օգտագործման փորձ չունի, և նրա որակը, հնարավոր է, կասկածի տակ դրվի»:

Լեոնիդ Ներսիսյանը նորից ընդգծեց՝ բոլոր համաձայնագրերով նախատեսվում է, որ մատակարարված զենքը երրորդ երկիր չի կարող տեղափոխվել, և այդ կետը կլինի, բացի Ռուսաստանից, նաև այլ երկրների հետ կնքված համաձայնագրերում ևս:

«Այդ համաձայնագրերով կոնկրետ երկրի անուն չի նշվում: Մեր դեպքում՝ Արցախը չճանաչված երկիր է, համաձայնագիրը կնքվում է Հայաստանի հետ, իսկ Արցախին Հայաստանի կողմից զինտեխնիկայի տրամադրելն իհարկե ոչ ոք չի ստուգելու, և մեխանիզմ էլ չկա այն ստուգելու: Կարելի է պայմանագրում գրել զենքը որևէ ջոկատի անունով, որը հիմնականում Ղարաբաղում է գտնվում»,- ասաց նա:

Լեոնիդ Ներսիսյանի հետ Tert.am-ը զրուցեց նաև ռազմաարդյունաբերության ոլորտում հայ-լեհական հարաբերությունների մասին՝ հիշեցնելով, որ Լեհաստանը Հայաստանին առաջարկել է ռազմական նոր տեխնոլոգիաներ՝ know-how, որոնց հիման վրա լեհական կողմը պատրաստ է այստեղ արտադրություն հիմնել:

Ռազմական փորձագետը հիշատակեց, որ Հայաստանում վաղուց գործում է «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը, որը արևմտյան ստանդարտներին համապատասխան սարքավորումներ է արտադրում:

«Այստեղ բացի լավ բանից, ոչինչ չենք կարող տեսնել: Այն, որ արտադրությունը լոկալիզացվել է Հայաստանում, շատ կարևոր է: Եվ եթե զենքի ձեռքբերման այլընտրանքը մեծանում է, այնքան փոքրանում է ռիսկը, որը մյուս երկրների ազդեցությունը կմեծանա»,- ասաց նա:

Սակայն, նրա խոսքով, պետք չէ սպասել գլոբալ փոփոխություններ հայ-լեհական հարաբերություններում՝ ռազմաարդյունաբերության ոլորտում:

«Ժամանակին եղել են քննարկումներ, որ հայկական տանկերը պետք է արդիականացվեին լեհական ընկերության կողմից, սակայն հետո հերքվեց: Հաշվի առնելով եղածը՝ կարելի է ենթադրել, որ այդ հանգամանքը հետո հայկական կողմն օգտագործեց Ռուսաստանի հետ բանակցություններում, որ այնտեղ հայկական տանկերը արդիականացվեն ավելի էժան գնով»,- նշեց նա:

Հիմա լեհական կողմը խոսում է հայկական կողմի հետ իր համագործակցությունն ընդլայնելու մասին, քանի որ, ըստ Լեոնիդ Ներսիսյանի, հայկական շուկան Լեհաստանի համար բավականին հետաքրքրական է:

«Լեհաստանը ռազմական արտահանման մեծ հնարավորություններ չունի, իսկ Հայաստանը մշտապես ռազմական տեխնիկայի կարիք ունի, քանի որ ունի մեծ բանակ»,- նշեց նա:

Հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար Լեհաստանի հետ համագործակցությունն այս ոլորտում, արդյո՞ք Հայաստանին ձեռնտու տարբերակ է համատեղ արտադրությամբ զինամթերքի օգտագործումը, ռազմական փորձագետը պատասխանեց. «Իհարկե, ռազմական շուկան մեծ է, զինտեխնիկայի տեսականին ևս մեծ է, և քանի որ հայ-լեհական համագործակցությամբ արտադրված զինտեխնիկան, օրինակ՝ զրահաբաճկոնները և այլ նման բաները, որոնք իրականում ռազմատեխնիկա էլ չեն, կարելի է այլ տեղից ձեռք բերել: Երևի թե լեհական կողմն առաջարկել է Հայաստանին արտադրությունը լոկալիզացնելու բավականին լավ պայմաններ: Դրա համար էլ հիմա այդ համագործակցությունը կա: Գուցե նույն արտադրանքը հնարավոր լիներ ավելի էժան ձեռք բերել այլ երկրից, բայց լոկալիզացման, աշխատատեղեր ստեղծվելու փաստն արդեն կարևոր է»: