Qatar Airways-ը դադարեցնում է թռիչքներն Իրաքյան Քուրդիստան
Qatar Airways ավիաընկերությունն Իրաքի ավիացիոն իշխանությունների դիմումով սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը դադարեցնում է թռիչքներն Իրաքյան Քուրդիստանի օդանավակայաններ: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:
Իր հերթին՝ քրդական ինքնավար շրջանի վարչական կենտրոն Էրբիլի օդանավակայանի տնօրենը հաստատել է AFP գործակալությանը, որ սկսած ուրբաթ օրվա ժամը 18:00-ից չեղարկվում են միջազգային չվերթները:
Ավելի վաղ Qatar Airways-ի ղեկավար Ակբար ալ Բաքերը հայտարարել էր, որ ավիաընկերությունը կշարունակի թռիչքներն Էրբիլ այնքան, մինչև չփակվի օդային տարածքը և անվտանգության սպառնալիքներ չլինեն:
Իրաքի կառավարությունը սեպտեմբերի 26-ին՝ Իրաքյան Քուրդիստանում անկախության հարցով հանրաքվեից մեկ օր անց, հայտարարել է Քուրդիստանի հետ միջազգային ավիահաղորդակցության արգելք սահմանելու որոշման մասին, եթե շրջանի կառավարությունն իր վերահսկողությանը չփոխանցի շրջանում գտնվող օդանավակայանները: Չորեքշաբթի ինքնավարության տրանսպորտի և հաղորդակցության նախարար Մավլյուդ Բաումուրադը հայտարարել է, որ Էրբիլը մերժել է առաջադրված վերջնագիրը:










