Երևանում տրոլեյբուսի վթարի հետևանքով հոսպիտալացված 6 քաղաքացիներից 4-ի վիճակը կայուն ծանր է (լուսանկարներ)
17.31
Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով համալսարանական հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող 6 քաղաքացիներից 4-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ 2-ինը՝ բավարար:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից:
«Բոլոր տուժածներն այս պահին բուժում են ստանում ստացիոնար պայմաններում: Առավել թեթև վնասվածքներ ստացած երկու տուժածները հնարավոր է՝ այսօր դուրս գրվեն հիվանդանոցից: Տարբեր տեսակի վնասվածքներ ստացած բոլոր քաղաքացիներն անցել են անհրաժեշտ հետազոտությունները և գտնվում են բժիշկների հսկողության տակ»,-ասացին հիվանդանոցից:
16։05
Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց այս պահի դրությամբ տեղափոխվել է 6 տուժած։ Tert.am-ին այս մասին ասացին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից:
«Մասնագետների կողմից կատարվում են բոլոր անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտությունները»,-տեղեկացրեցին ԲԿ–ից՝ նշելով, որ տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր:
«Տուժածներից 3-ը վերակենդանացման բաժանմունքում են»,-ասացին հիվանդանոցից:
15։25
Քիչ առաջ Երևանի Մյասնիկյան պողոտայում վթարի է ենթարկվել տրոլեյբուս, արգելակները չեն աշխատել և տրանսպորտային միջոցը ողջ ուժով հարվածել է «Բելաջիո» ռեստորանի հարևանության գործող արգելապատնեշին: Կան մեկ տասնյակից ավելի վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես Tert.am-ին հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը դեպքին ականատես է եղել. նրա խոսքով՝ տրոլեյբուսի «շտանգաները» դուրս են ընկել, վարորդը գնացել է դրանք տեղը գցելու, և ինչ-որ պատճառով արգելակները չեն գործել՝ տրոլեյբուսը ողջ ուժով հարվածել է արգելապատնեշին:
«Տրոլեյբուսում շատ ուղևորներ, բարեբախտաբար, չեն եղել, ուղևորների մի մասը դրսում էին: Սակայն կային վիրավորներ նաև արյունլվիկ վիճակում, որոնք ակնհայտորեն կոտրվածքներ ունեին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
«Շտապօգնությունը քիչ առաջ ոտքերին ու պարանոցին շինաներով 3 վիրավորներին տարավ: Իսկ մենք ուղղակի խորհուրդ տվեցինք, որ քանի որ մարդկանց վնասվածքների բնույթը հայտնի չէր, նրանց չտեղաշարժել»,-հավելեց Նաիրա Զոհրաբյանը:
Հարցին, թե ինչպես էին իրենք խմբակցության պատգամավորներով հայտնվել դեպքի վայրում, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ գնալիս են եղել Գագիկ Ծառուկյանի մոտ հավաքի և ճանապարհին այդ վթարի ականատեսն են դարձել:
Վթարված տրոլեյբուսում թափված վիճակում եղել են նաև վթարված ուղևորների անձնական իրերը՝ ոսկյա զարդի մասնիկ, պայուսակներ, որոնք պատգամավորները հավաքել են և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:












