Մերկելը և Թրամփը համաձայնել են, որ ԿԺԴՀ-ի նկատմամբ ճնշումը պետք է ուժեղացվի

09:54 • 29.09.17

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել են, որ ԿԺԴՀ-ի նկատմամբ դիվանագիտական և քաղաքական ճնշումը պետք է ուժեղացվի: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությանը:


«Զրույցի կենտրոնական թեման եղել է ԿԺԴՀ-ի շուրջ ներկայիս ճգնաժամը: Կանցլերն ընդգծել է, որ պետք է օգտագործվեն կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար բոլոր միջոցները: Այդ առնչությամբ կանցլերը և նախագահը համաձայնություն են հայտնել, որ ԿԺԴՀ-ի վարչակազմի նկատմամբ դիվանագիտական և քաղաքական ճնշումը պետք է ուժեղացվի»,- ասված է մամուլի ծառայության հայտարարությունում:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հյուսիսային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ռի Յոն Հոն սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում (ԳՎ) հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընին «մարդ-հրթիռ» անվանելուց հետո, ԱՄՆ-ի հրթիռակոծումն «անխուսափելի է»: «Այժմ մեզ մի քանի քայլ է մնացել միջուկային պետություն դառնալու համար»,-շարունակել է Ռին՝ ընդգծելով, որ իրենք պատրաստ են ամեն գնով պաշտպանվել Միացյալ Նահանգներից: Դիվանագետի պնդմամբ՝ Փհենյանի վերջնական նպատակն ԱՄՆ-ի հետ ռազմական ուժի հավասարակշռումն է:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի ԳՎ-ում ունեցած անդրանիկ ելույթի ժամանակ Թրամփը կիմ Չեն Ընին «մարդ-հրթիռ» էր անվանել ու սպառնացել անհրաժեշտության դեպքում «ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիային Կորեան»: