Մեքսիկայի միայն Իդալգո նահանգում ավերիչ երկրաշարժից հետո 12 դպրոց կքանդվի ու նորից կկառուցվի
Մեքսիկայի Իդալգո նահանգում ամբողջությամբ կքանդվի ու նորից կկառուցվի 12 դպրոց։ Այս կրթական հաստատությունները տուժել էին վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից, հայտնել է նահանգի հանրային կրթության նախարար Սայոնարա Վարգասը, գրում է РИА Новости գործակալությունը:
Առայժմ աշակերտներն իրենց դասերն անցկացնում են ժամանակավոր շինություններում, եկեղեցիների կամ այլ տրամադրած տարածքներում կամ վարձակալած հաստատություններում:
Բացի 12 դպրոցից՝ Իդալգոյում ստորգետնյա ցնցումներից տուժած 370 կրթական հաստատություն կարիք ունի վերանորոգման:
Նշենք, որ Մեքսիկայում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 344-ի: 7.1 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների հետևանքով հարյուրավոր շենքեր են փլուզվել, միլիոնավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության:










