Ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնին բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք (տեսանյութ)

11:48 • 29.09.17

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է իր տան մուտքի մոտ, այդ մասին նա գրել է Twitter-ի էր էջում։ Իսկ Instagram սոցցանցում հրապարակել է ձերբակալության տեսանյութը և բացատրել, որ դա տեղի է ունեցել այն պահին, երբ նա պատրաստվում էր գնալ Նիժնի Նովգորոդ՝ հանրահավաքի մասնակցելու նպատակով։

 Գործիչը նաև ընդգծել է, որ ոստիկաններն իրեն տանում են ՌԴ ՆԳՆ «Դանիլովսկոյե» բաժին։ Ոստիկանությունից, սակայն, հայտնել են, որ նրան բերման են ենթարկել՝ բացատրություն տալու համար։


Սեպտեմբերի 27-ին ՌԴ ՆԳՆ-ն կոչ էր արել Նիժնի Նովգորոդի բնակիչներին զերծ մնալ չհամաձայնեցված ակցիային մասնակցելուց, որը պետք է անցկացվի սեպտեմբերի 29-ին։ Միջոցառումը կազմակերպել է Նավալնիի շտաբը։ 


Երեկ Ալեքսեյ Նավալնին, իր կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննությանը հղումով, բլոգում գրել էր, որ ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Մոսկվայի կենտրոնում էլիտար անշարժ գույքի սեփականատեր է, նրան շքեղ առանձնատուն է նաև պատկանում Իտալիայում:


«Մենք Սոլովյովի կարողության նվազագույն չափը գնահատում ենք 1 միլիարդ ռուբլի: Դա միայն այն է, ինչ նա ոչ մի կերպ չի կարող թաքցնել և ապացուցված է փաստաթղթերով: Կարծում եմ՝ եթե ավելացնենք նաև ռուսական և օտարերկրյա բանկերում գումարները, ինչպես նաև անկողնու տակ ճամպրուկում կանխիկ գումարները, թիվը հարկավոր կլինի կրկնապատկել»,- հայտարարել է Նավալնին: