Թրամփը շնորհավորել է Մերկելին Գերմանիայում անցկացված ընտրություններից միայն 4 օր անց
Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և շնորհավորել նրան սեպտեմբերի 24-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած կուսակցության տարած հաղթանակի առթիվ։ Սակայն լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ դա տեղի է ունեցել ընտրություններում հաղթանակից 4 օր անց միայն։
Ինչպես հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, նրանց հեռախոսազրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին։
dw.com-ը նշում է, որ Թրամփը շնորհավորել է Մերկելին նրա համար, որ նա պետք է կրկին կառավարություն ձևավորի։ Նրանք քննարկել են նաև հյուսիսկորեական ճգնաժամն ու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ապագան։
Թե ինչու է Թրամփը Մերկելին շնորհավորել Գերմանիայում անցկացված ընտրություններից միայն 4 օր անց՝ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միություն/ Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքն ընտրություններում ստացել էր 33 տոկոս ձայն։










