Չնայած խաղողի որակն այս տարի ավելի լավն է, նույն 130 դրամով են վերցնում. գյուղացիները միայն խաղողի մթերման գներից են դժգոհ

20:41 • 02.10.17

 

Խաղող մթերող գյուղացիներն այս տարվա բերքից դժգոհ չեն, որակն էլ լավն է, միայն մթերման գներից են դժգոհ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին նշեց մի քանի հեկտար խաղողի այգի ունեցող Մամիկոն Եփրեմյանը` նկատելով, որ սպասվածից շուրջ մեկ տոննայի չափ պակաս բերք են ստացել, սակայն գոհ են ու հանգիստ, որ բերքը կիրացվի, քանի որ նախապես են պայմանագիր կնքել:  

«Մթերման պրոցեսը հարթ է նախորդ տարվա համեմատ, ուղղակի այս տարի էլ ուրիշ խնդիր է. հողի չափով պայմանագիրը կապել ենք, ինչքան կա, էդ չափն էլ տանում հանձնում ենք։ Միայն բացառությունն այն է, որ եթե ավել է լինում, ասում են` բարձեք հետ տարեք: Օրինակ՝ 15 տոննա պետք է տանես, տարել ես 15,5 տոննա, ասում են էդ մնացած 500 կիլոն հետ տար: Միշտ տաս տոկոսի մինուս, պլյուս ենք արել, հիմա հանեցին: Ամբողջ դաշտում չարչարանքդ չգիտես ինչ անես, ուր տանես»,-ասաց նա:

Բացի դրանից, ըստ Եփրեմյանի, մթերման գներն են ցածր. «Տարբեր է, կիլոգրամի համար 120, 130 դրամ է միջինում: Բայց փոխանակ առաջ գնան, հետ են գնում: Անցած տարի բերքը շատ էր, 150 դրամից իջեցրեցին 130 դրամ, այս տարի, որ բերքի որակն էլ լավն է՝ նույն 130 դրամը թողեցին»,-ասաց նա:

Մամիկոն Եփրեմյանը նշեց, որ կոնկրետ ինքը պայմանագիր է կնքել Արարատ կոնյակի գործարանի հետ, որտեղ այլ գործարանների համեմատ 10 դրամ բարձր են վճարում՝ 130 դրամ: «Հետո լավ է, որ 10 աշխատանքային օրում գումարդ  ստանում ես, մյուսներում ասում են դեկտեմբերին, մարտին, էն էլ փուլ առ փուլ»,-ասաց նա:  

Հարցին`ինչպես են իրացնում բերքի այն մասը, որը գործարանից հետ են ուղարկում, գյուղացին պատասխանեց. «Տանում ենք այլ գործարան, որտեղ առանց պայմանագրի ընդունում են: Բայց էդ էլ Աստված գիտի` երբ գումարը կտան»,- ասաց նա:

Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն 20 օր է, ինչ մթերումները սկսվել են. մինչ այս պահը խնդիրներ ու դժգոհություններ չկան: Ըստ նրա` խաղողի բերքն ամբողջությամբ կմթերվի: «Սահմանված չափաքանակ չկա,  ինչքան բերք կլինի, այնքան էլ կմթերեն»,-ասաց նա:

Աշոտ Վարդանյանը նշեց, որ այս տարի` ի տարբերություն նախորդ տարիների, հերթերից խուսափելու համար գյուղատնտեսության նախարարության հետ փոխհամաձայնեցված այնպես են կազմակերպել, որ մարզի նախալեռնային  և սահմանային գյուղերի խաղողը շուտ մթերվի՝ օգոստոսի 31-ից:

«Դա մեզ թույլ տվեց, որպեսզի այդ տարածաշրջանում, որտեղ խաղողը շուտ է հասնում, բնակիչները շուտ հանձնեն իրենց խաղողը, որպեսզի որակական կորուստներ չկրեն, և օգնեց, որ քանակությունը պահպանվի»,-ասաց նա:

Մյուս տնտեսությունները, ըստ փոխմարզպետի, հանգիստ մթերում են: «Մինչ այս պահը աշխատում էր 7-8 մթերող կազմակերպություն, հիմա ավելացել է դրանց թիվը՝ 10 կազմակերպություն մթերում է խաղողը` հիմնականում 120-130 դրամով: Լավ սորտերը`ըստ պահանջարկի, լավ հյութ ունեցողները 160-170 դրամով»,-ասաց նա և նշեց, որ մարզում այս պահի դրությամբ մթերվել է 45 000 տոննայից ավել խաղող և մի քանի օր էլ դեռ կմթերեն: