C-400 Հայաստանի դեմ կարող է օգտագործվել միայն այն դեպքում, եթե հայկական օդուժը հարձակվի Թուրքիայի վրա. Ալեքսանդր Խրամչիխին
Ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով՝ ռուսական C-400 «Տրիումֆ» հակազենիթային հրթիռային համակարգերը Հայաստանի դեմ կարող են օգտագործվել միայն այն դեպքում, եթե հայկական օդուժը հարձակվի Թուրքիայի վրա:
«Իսկ դա գոնե ինձ համար դժվար է պատկերացնելը: ՀՕՊ-ի օգտագործման այլ տարբերակ չկա»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Նա նկատեց, որ Ռուսաստանի՝ Թուրքիային վաճառած C-400-ը իրականում մատակարարվող երկիր կհասնի միայն հինգ տարի հետո:
Նշենք, որ C-400 «Տրիումֆների»՝ Հայաստանի դեմ օգտագործման մասին իր մտահոգությունն էր հայտնել սոցիոլոգ Կարեն Սարգսյանը: Նա նկատել էր, «մեր կառավարությունը շատ վատ վիճակում է», հիմա ստիպված քողարկում է այն փաստը, որ C-400 «Տրիումֆները» վաճառվեցին Էրդողանին և սահմանափակում չդրվեց, որ դրանք հայկական սահմանին չլինեն: «Եթե արդեն տեղ է հասել «Տրիումֆը» և եթե դա դրված է Հայաստանի սահմանին, ապա Ռուսաստանից գնած «Իսկանդերներն» ուղղակի անպետք են դառնում: ՌԴ-ն տարածաշրջանի բալանսն այսպես պահեց: Ռուսաստանը, փաստացի, հիմա ամենաթշնամական պետությունն է մեզ համար, որովհետև Ադրբեջանը և Թուրքիան իրար միացրեց և սարքեց դաշնակից: Որպես մեզ հակակշիռ` ստեղծեց ադրբեջանաթուրքական տանդեմը»,- նշել էր նա:
Դիտարկմանը, որ ակնհայտ է՝ Հայաստանին, անհրաժեշտության դեպքում, Թուրքիայի դեմ պայքարում չի փրկի «Իսկանդերը», քանի որ նրանք ունենալու են C-400, ռուս ռազմական փորձագետը պատասխանեց․ «Դա ինձ համար, անկեղծ ասած, ակնհայտ չէ: Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ պատերազմի դեպքում կներգրավվի նաև Ռուսաստանը` որպես Հայաստանի դաշնակից` որպես ՀԱՊԿ անդամ երկիր: Ես կասկածում եմ, որ Ռուսաստանը դա հաշվի չի առել»:
Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով՝ զենքի գնման վերոնշյալ ռուս-թուրքական գործարքն ընդհանրապես կապ չունի Հայաստանի հետ: Նա չհամաձայնեց դիտարկման հետ, թե Ռուսաստանը C-400-ը վաճառելով Թուրքիային՝ ցանկացել է հավասարակշել ուժերը տարածաշրջանում: «Ես արդեն ասացի, որ ինքս չեմ պատկերացում հայկական զինուժի հարձակում Թուրքիայի վրա, իսկ այլ դեպքերում ՀՕՊ-ը չի կարող գործել»,- ասաց նա:
Ռուս փորձագետը նաև նշեց, որ իրականում Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը Թուրքիային «սիրիական գործարքի» (Ըստ այդ գործարքի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է կարողանար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համոզել, որ դադարեցնի պայքարն Ասադի դեմ, դադարեցնի աջակցությունը Ասադին ընդդիմացող խմբերին-Հ․Հ) մաս է կազմում: Նա չհամաձայնեց նաև կարծիքների հետ, ըստ որոնց` ռուսական զենքը Թուրքիայում ի հակակշիռ ՆԱՏՕ-ի է: Փորձագետը բնական համարեց նաև ՆԱՏՕ անդամ երկրների, ԱՄՆ-ի անհանգստությունը Թուրքիայի իշխանությունների կողմից ռուսական զենքի գնման հետ կապված։
«Թուրքիան այդ զենքը կօգտագործի այն դեպքերում, երբ պետք լինի, բայց դժվար թե այն օգտագործվի Ռուսաստանի կամ ՆԱՏՕ-ի դեմ»,- նշեց նա՝ մատնանշելով իր` վերևում ասվածը, թե զենքի գնումը «սիրիական գործարքի» մաս է:
Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով` իրականությանը մոտ չէ նաև այն վարկածը, որ չնայած արդեն Թուրքիայի և Ռուսաստանի միջև զենքի գնման պայմանագիր կնքվել է, սակայն հնարավոր է՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան այդպես էլ այն չստանա: «Եթե գումարն արդեն վճարված է, ապա, իհարկե, մատակարարումը կիրականանա, եթե պայմանագիրը չպատռվի, իհարկե: Իսկ այդ դեպքում արդեն պետք է գումարը վերադարձվի»,- ասաց նա:










