Ձեռքբերումների մասին ամպագոռգոռ բաներ չեմ ուզում ասել, բայց դրանք ակնառու են. Վանաձորի քաղաքապետը` մեկամյա աշխատանքի մասին

19:00 • 02.10.17

Ձեռքբերումների  մասին ամպագոռգոռ չեմ ուզում խոսել, բայց դրանք ակնառու են և դրանք զգում են նաև քաղաքի բնակիչները` նախորդ տարվա հետ համեմատելով. Tert.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով իր մեկամյա աշխատանքի արդյունքներին: 

Հիշեցնենք, որ 1 տարի առաջ հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացան ավագանու ընտրությունները, որի  արդյունքը մինչև օրս չեն ընդունում ավագանու երեք ընդդիմադիր խմբակցությունները՝ ԲՀԿ-ը, ՀՎԿ-ը և «Լուսավոր Հայաստանը»: Չնայած դրան` ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ավագանու իրենց անդամների հետ միասին անցկացնում են նիստերը: Նշենք նաև, ընդդիմադիր խմբակցությունների հայցը Սահմանադրական դատարանում է:

Մամիկոն Ասլանյանը նշեց, որ դրական փոփոխություններով չեն պատրաստվում բավարարել և թվարկեց դրանցից մի մասը. քաղաքում լայնամասշտաբ լուսավորության աշխատանքներ են  կատարվել, մոտ 500 մլն դրամի ասֆալտապատման աշխատանքներ են իրականցվում, որոնց մի մասը դեռ չի իրականցվել:

«Աղբի բնագավառում ենք մեկ միասնական օպերատորի հետ սկսել աշխատանքներ: Աշխատատեղերի առումով նորերն են ավելացել, իմ խոստացած 500-600 աշխատատեղերը  արդեն իսկ ստեղծված է կարի արտադրության ոլորտում, նույնիսկ 100-120 թափուր աշխատատեղեր ունենք, մասնագետների` կարող բանվորուհիների պակաս կա: Բացի այդ, ռուս-իրանական գործարարների կողմից և մեր մասնակցությամբ ու  կառավարության ուղղորդմամբ` Վանաձորում կբացվի կոմպոզիտային գազաբալոնների  արտադրության գործարան, որը մոտ 500 աշխատատեղ կստեղծի և 100-ից 120 մլն դոլարի ներդրում է խոստանում գործարարը»,-ասաց նա:

Ասլանյանը նշեց , որ բազմաթիվ են մշակութային, սպորտային հաջողությունները: «Մասսայական մշակութային միջոցառումներ ենք արել, երեկ առաջին անգամ մանսուրյանական երաժշտությունը թևածեց Վանաձորում, համերգ ենք կազմակերպել: Մեկ շաբաթ առաջ մաեստրո Չեքիջյանի նվագախմբի  համերգն էր, իսկ հոկտեմբերի 7-ին՝ քաղաքի տոնին «Ռեինկարնացիան» համերգ կտա: Ի դեպ, քաղաքն այս պահին տոնական հանդերձի մեջ է՝ պատված քույր քաղաքների ու ՀՀ-ի դրոշներով»,-ասաց նա:

Վանաձորի քաղաքապետը շարունակեց, թե տնտեսության մեջ սեփական եկամուտների զգալի աճ է գրանցվել՝ սեպտեմբեր ամսին 15 տոկոս աճ է գրանցվել: Նաև տուրիզմի զարգացման նախագծեր ունեն։ «Շուտով վարչապետի այց ենք ունենալու և արդեն ավելի  կոնկրետ ու դրական ուղղվածություն  ու ծրագիր ֆինանսավորում կունենանք, չեմ ուզում  հիմա դրա մասին խոսել»,-ասաց նա: 

Ավագանու անդամների մեծամասնությունը,  սակայն, նիստերին ներկա չի գտնվում։

Ի պատասխան սրան`  Ասլանյանն ասաց, որ բազմաթիվ անգամներ ընդդիմության հետ և  հանդիպումներ և շփումներ են ունեցել, ցանկացել են ներգրավել, բայ մյուս կողմից  դրական արձագանք առայժմ չի տեսնում: «Սկզբնական շրջանում կարծում էի, որ մեր ընդդիմադիրների գոնե գերակշիռ մասը քաղաքի խնդիրների լուծման ուղղությամբ պատրաստ է որոշակի քայլեր ձեռնարկելու, բայց օրըստօրե ես համոզվում եմ, որ հիմնական մասը հակված է ավելի շատ վատաբանելու, հաջողությունները չգնահատելու, ամեն ինչը սևով ու դժգույն ներկայացնելու: Մարդկանց այլ խնդիրներ են հետաքրքիր, և  ոչ թե քաղաքի զարգացման խնդիրները»,-ասաց նա:

Ըստ Ասլանյանի`  ինքը դեմ չէ ընդդիմության առողջ քննադատությանը, ընդհակառակը, հասկանում է, որ այն իշխանություններին ստիպում է հավելյալ աշխատել։

«Վանաձորը աշխուժության կարիք ունի, ոչ թե դատարկ խոսակցությունների։ Աշխատում եմ զերծ մնալ նման քաղաքական քննարկումներից: Իհարկե, ճիշտը և ռացիոնալը ծնվում է մտքերի բախման արդյունքում և բնական է, ժողովրդական ասացվածք էլ կա` մի խելքը լավ է, երկուսը ավելի։ Ես ամենևին էլ հակված չեմ  թերագնահատելու ընդդիմության դերակատարումը»,-ասաց նա: