Լաս Վեգասում կրակահերթ բացած անձն ինքնասպան է եղել մինչ ոստիկանության ժամանելը (լուսանկարներ, տեսանյութ)
Լաս Վեգասում քանթրի ոճի երաժշտության համերգի այցելուների ուղղությամբ կրակ բացած և ավելի քան 50 մարդ սպանած անձն ինքնասպան է եղել մինչ ոստիկանության ժամանելն իր հյուրանոցային համար, հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Գործակալությունը հաղորդում է նաև, որ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել տղամարդու տանը: Ոստիկանությունը շրջապատել և մտել է Լաս Վեգասից 80 մղոն դեպի հյուսիս գտնվող 3-սենյականոց տուն, որտեղ 64-ամյա Ստեֆեն Փեդոքն ապրում էր 62-ամյա Մարիլու Դենլիի հետ:
Քլարք շրջանի պաշտոնյաները հայտնել են նաև, որ հարձակումից հետո դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել 406 մարդ:
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է, որ Լաս Վեգասի հարձակումից հետո կոնկրետ հիմնավոր որևէ վտանգ չի սպառնում այլ հանրային վայրերի:
Հայտնի է, որ տղամարդը կրակել է բացօթյա երաժշտական փառատոնի հանդիսատեսի վրա Mandalay Bay հյուրանոց-խաղատան 32-րդ հարկից: Դա ԱՄՆ ժամանակակից պատմության մեջ ամենաշատ զոհի պատճառ դարձած զանգվածային սպանությունն է: Ոստիկանությունը դեռ չի պարզել հարձակման շարժառիթը:




























