Լաս Վեգասում հրաձգության հետևանքով տուժածների թվում հայեր լինելու փաստը դեռևս ճշտվում է, մեր հյուպատոսն այցելել է «Զոհերի կենտրոն». ՀՀ ԱԳՆ
Լաս Վեգասում հրաձգության հետևանքով տուժածների մեջ հայեր լինելու փաստը դեռևս ճշտվում է․ այս մասին Tert.am-ին հայտնեցին Արտաքին գործերի նախարարության Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
«Արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է Լաս Վեգասում մեր հյուպատոսության հետ: Հյուպատոս Անդի Արմենյանը պատմել է, որ ինքը այցելել է Լաս Վեգասի ոստիկանության բացած «Զոհերի կենտրոն» և հանդիպել պատասխանատու ոստիկանի հետ՝ տեղեկություններ ստանալու սպանվածների և վիրավորների մասին: Զոհերի և վիրավորների անվանացանկը պատրաստ չէր և, ըստ պատասխանատու ոստիկանի՝ մի քանի օրից հազիվ վերջնական ցանկը պատրաստ լինի հրապարակման»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Լաս Վեգասում քանթրի ոճի երաժշտության համերգի ժամանակ այցելուների ուղղությամբ կրակ բացած և ավելի քան 5 տասնյակ մարդկանց սպանած անձն ինքնասպան է եղել մինչ ոստիկանության ժամանելն իր հյուրանոցային համար:
Հայտնի է նաև, որ մարդկանց ուղղությամբ կրակ բացած անձը տեղի բնակիչ 64-ամյա Սթիվեն Փեդդոքն է:
Նշենք, որ լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն, ըստ որի՝ միջոցառմանը ներկա են եղել հայազգի եղբայրներ Արմենակ և Մուշեղ Մուրադյանները Բըրբանք քաղաքից: Արմենակը վիրավորում է ստացել ոտքի հատվածում, նրան արդեն դուրս են գրել հիվանդանոցից:










