Թրամփը 1 րոպե լռությամբ հարգել է Լաս Վեգասում հարձակման զոհերի հիշատակը. Փարիզում մարել են Էյֆելյան աշտարակի լույսերը (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ 1 րոպե լռությամբ հարգել է Լաս Վեգասի արյունալի հրաձգության 50-ից ավելի զոհերի հիշատակը, հաղորդում է ria.ru-ն:
Թրամփները փոխնախագահ Մայք Փենսի ու մյուս հավաքվածների հետ դուրս են եկել Սպիտակ տան բակ, որտեղ մի քանի անգամ լսվել է զանգի ղողանջը: Սգո արարողության հեռարձակումը վարել է CNN հեռուստաալիքը:
Թրամփը նշել է, որ «Լաս Վեգասում կատարվածն իսկական չարիքի գործողություն էր»: Հայտնի է, որ ավելի վաղ Թրամփը կարգադրել էր ի հիշատակ զոհերի դաշնային կառույցներում խոնարհել երկրի դրոշը:

Մինչդեռ Al Arabiya-ն հավելում է, որ Փարիզի իշխանությունները հոկտեմբերի 2-ի գիշերը մարել են աշխարհի ամենահայտնի հուշարձաններից մեկի՝ Էյֆելյան աշտարակի լույսերը՝ ի նշան ամերիկացիներին զորակցության:

Հիշեցնենք, որ Լաս Վեգասի ոստիկանության փոխանցմամբ՝ քանթրի ոճի երաժշտության փառատոնի ժամանակ ամբոխի ուղղությամբ կրակ բացած և 59 մարդու կյանք խլած Սթիվեն Փեդոքը հանցակիցներ չի ունեցել ու գործել է միայնակ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ոստիկանությունը խուզարկել է Mandalay Bay հյուրանոց-խաղատան 32-րդ հարկում գտնվող համարը, որտեղից Փեդոքն անկանոն կրակ էր բացել՝ վիրավորելով 520-ից ավելի մարդու:

Համարի, ինչպես նաև դրանից 80 մղոն հեռավորության վրա գտնվող նրա տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք: Միայն հյուրանոցային համարում իրավապահները հայտնաբերել են 23 միավոր զենք, իսկ տանը՝ 19: Բացի այդ, 64-ամյա Փեդոքի տանը հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր, հազարավոր փամփուշտներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել էր, որ Փեդոքի հարձակման ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև կապ չկա:
Հավելենք, որ հարձակումից հետո տղամարդն ինքնասպան է եղել:












