Կատալոնիայի առաջնորդը ցանկանում է անկախության հարցով բանակցել Մադրիդի հետ
Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը դիմել է միջազգային հանրությանը՝ խնդրելով օգնել լուծել Իսպանիայի հետ անկախության հարցում առկա տարաձայնությունները:
«Եվրոպական հանձնաժողովը պետք է խրախուսի միջազգային մակարդակով բանակցությունները: Այն այլևս չի կարող անգործ նստել»,-ասել է Պուչդեմոնը:
Ինչպես նշում է The Guardian-ը, միևնույն ժամանակ, Կատալոնիայի ղեկավարը նշել է, որ Եվրոպան չի կարող շարունակել անտեսել այս հարցը:
Հայտնի է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով Կատալոնիայի՝ Իսպանիայից առանձնանալու մղումը, հայտարարել է, որ աջակցում է Իսպանիայի սահմանադրական միասնականությանը:
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Կատալոնիայի անկախության հանրաքվեի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյի հետ: Պաշտոնյան նշել է, որ թեև նա կիսում է Իսպանիայի վարչապետի կողմից բերված սահմանադրական փաստարկները, այնուամենայնիվ, հարկ է համարել կոչ անել Իսպանիայի իշխանություններին հետագայում խուսափել Կատալոնիայում ուժի կիրառման կրկնությունից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հարցով պատմական հանրաքվե, որին Իսպանիան միջամտել է կոշտ ուժի կիրառմամբ: Ընտրողների հետ բախման հետևանքով տուժել է մոտ 900 մարդ: Այնուհանդերձ՝ մասնակիցների 90%-ը կողմ է քվեարկել անկախությանը:
Կատալոնիայի առաջնորդը դատապարտել է իսպանական կողմի գործողություններն ու հայտարարել, որ իր կառավարությունն առաջիկա մի քանի օրվա ընթացքում հանրաքվեի արդյունքները կուղարկի Կատալոնիայի խորհրդարան:
Իսպանիայի ոստիկանության հատուկջոկատայինները գրոհել են ընտրատեղամասերը՝ վերջին րոպեին հույս ունենալով խոչընդոտել Մադրիդի շահերին հակասող հանրաքվեի անցկացմանը:
Ընտրողներից շատերին պարզապես թույլ չեն տվել քվեաթերթիկը տուփի մեջ գցել: Ականատեսների պատմելով՝ իսպանացի ոստիկանները կացիններով ջարդել են դռներն ու ռետինե փամփուշտներով կրակել մարդկանց ուղղությամբ: Բացի այդ, նրանք բռնի կերպով ընտրողներին քարշ են տվել ընտրատեղամասերից ու նրանց հարվածելով գետնին գցել:
Մինչդեռ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ կառավարությունն արել է այն, ինչ իրենից պահանջվում էր: Նա շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը կատարված աշխատանքի համար:










