ԱԺ–ն քննարկում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը (ուղիղ)

12:42 • 03.10.17

Թեև «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը բացասական եզրակացություն էր ստացել ԱԺ հանձնաժողովում, սակայն ըստ կանոնակարգի՝ հարցը ևս մեկ անգամ էլ կարող է քննարկվել նաև լիագումար նիստում:

«ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծում «Ելք» խմբակցությունը որպես հիմնավորում նշում է այն, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի Հանրապետությունը տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետընթաց է գրանցել:

Հիմնական զեկուցողը՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցրեց, որ մշտապես ասում են, թե ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, ինչո՞ւ են, օրինակ, ղարաբաղյան հարցը խառնում սրա հետ, երբ իրենք ասում են, որ հենց ՌԴ-ի համաձայնությամբ է ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը 800 հեկտար տարածք կորցրել:

«Շատ հարցեր կան, որ ասում եք՝ չի կարելի հանրային քննարկել: Դե մենք էլ հիմա ասում ենք՝ եկեք հանձնաժողով կազմենք, այնտեղ քննարկենք»,-ասաց նա։

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հետաքրքրվեց, թե ինչպես է Փաշինյանը վերաբերվում այն տեսակետներին, թե նոյեմբերից առաջ, երբ նախատեսվում է Եվրոպայի հետ համաձայնագիրը վերջապես ստորագրել, չարժե այս թեման բարձրաձայնել:

«Ինքս այդ պաուզայի սկզբունքը պահել եմ 2013 թվականին, երբ նախատեսվում էր Ասոցացման պայմանագրի ստորագրումը, մտածել եմ, որ խորհրդարանում դրա արծարծումը կարող է խնդիր ունենալ, բայց դիվանագետների հետ հանդիպումներում կանխատեսել էի, որ չի ստորագրվի: Նաև քառօրյա պատերազմի առաջ էին ասում, որ չքննարկենք բանակի խնդիրները, որ թուրքը չլսի, չիմանա, բայց պատերազմը ցույց տվեց, որ փաստարկները պետք է լսվեն, հակափաստարկները պետք է քննարկվեն»,-ասաց Փաշինյանը։

ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց, թե նման առաջարկը ենթադրո՞ւմ է արդյոք, որ «Ելքի» նախընտրությունն այլ միավորման մեջ մտնելն է, թե՞ ուղղակի ուզում են, որ ՀՀ-ն մեկուսանա:

Փաշինյանն ասաց, որ իրենք համարում են, որ այս նախագծով ընդամենը պաշտպանում են ՀՀ ինքնիշխանությունը, որն ըստ նրա հարվածներ է ստացել ԵԱՏՄ անդամակցությունից հետո, և կան բոլոր հիմքերը, որ դրանք շարունակվելու են:

«Շատ կարևոր է աշխարհաքաղաքական հակակշռումներ ունենալ, և այդ առումով կարևորում ենք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրին և Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրին միանալը, որպես ՀՀ ինքնիշխանությունը պաշտպանող հակակշիռ»,-ասաց նա: