Սաակաշվիլին քաղաքական ապաստան է խնդրել Ուկրաինայից
Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին քաղաքական ապաստան է խնդրել Ուկրաինայից, այս մասին հայտնել է նրա փաստաբան Մարկիյան Գալաբալան, փոխանցում է kommersant.ru-ն:
«Սաակաշվիլին խնդրում է տրամադրել իրեն քաղաքացու կարգավիճակ, որը լրացուցիչ պաշտպանության կարիք ունի: Քաղաքական ապաստանն այդ կարգավիճակի կենցաղային անվանումն է», - բացատրել է փաստաբանը:
Նա հստակեցրել է, որ տվյալ դիմումն Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության Լվովի շրջանային վարչությանն է հանձնվել սեպտեմբերի 11-ին, համապատասխան մարմինը դեռևս չի պատասխանել դիմող կողմին: Սաակաշվիլին ու նրա փաստաբանը սպասում են, որ պատասխանը կստացվի մոտ օրերս:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Սաակաշվիլին ոտքով հատել է լեհ-ուկրաինական սահմանային անցակետը և մուտք գործել Ուկրաինա։
Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազությունում հայտնել են հանգամանքների մասին, որոնք խանգարում են արտահանձնել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին Վրաստան:
Գերատեսչության ղեկավար Յուրի Լուցենկոն հայտնել է, որ Ուկրաինա Սաակաշվիլիի վերադառնալուց հետո դատախազության մարմինները սկսել են արտահանձնման հարցով ստուգում իրականացնել: Նրա խոսքով՝ ստուգումը պետք է պարզի, թե արդյոք Սաակաշվիլին կասկածվում կամ մեղադրվում է Վրաստանում առանձնակի ծանր հանցագործությունների համար և կան արդյոք հանգամանքներ, որոնք խանգարում են նրա արտահանձնմանը:
Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է քաղաքացիությունից՝ պատճառաբանելով, որ նա ոչ հավաստի տվյալներ է ներկայացրել այն ստանալիս:










