Կան հանգամանքներ, որոնք խոչընդոտում են Սաակաշվիլիին Վրաստան արտահանձնելուն. Ուկրաինայի գլխավոր դատախազ

15:19 • 03.10.17

Ուկրաինայի գլխավոր դատախազությունում հայտարարել են հանգամանքների մասին, որոնք խանգարում են արտահանձնել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին Վրաստան: Այդ մասին Խարկովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գերատեսչության ղեկավար Յուրի Լուցենկոն, հայտնում է 112.ua-ն:


Լուցենկոն հայտնել է, որ Ուկրաինա Սաակաշվիլիի վերադառնալուց հետո դատախազության մարմինները սկսել են արտահանձնման հարցով ստուգում իրականացնել: Նրա խոսքով՝ ստուգումը պետք է պարզի, թե արդյոք Սաակաշվիլին կասկածվում կամ մեղադրվում է Վրաստանում առանձնակի ծանր հանցագործությունների համար և կան արդյոք հանգամանքներ, որոնք խանգարում են նրա արտահանձնմանը:


«Կան հանգամանքներ, որոնք խոչընդոտում են պարոն Սաակաշվիլիի արտահանձնմանը: Ես կարծում եմ, որ նման հանգամանքներ գոյություն ունեն, քանի որ պարոն Սաակաշվիլին ուկրաինական սահմանն անօրինական կերպով հատելուց հետո փաստաթղթեր է ներկայացրել ՆԳՆ միգրացիոն ծառայություն, որոնք, համաձայն մեր միջազգային պարտավորությունների, խոչընդոտում են նրա արտահանձնմանը: Այժմ դա մանրամասն կուսումնասիրվի, կկցվի Արդարադատության նախարարության պատասխանին»,- ասել է Լուցենկոն:


Նա կանխատեսել է, որ այդ գործընթացը ևս մի քանի շաբաթ կտևի: