Լաս Վեգասի հրաձիգը «միայնակ գայլ էր». ոստիկանությունը նրա տանն ու հյուրանոցային համարում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերել

09:41 • 03.10.17

Լաս Վեգասի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն հայտնել է, որ հոկտեմբերի 2-ին քանթրի ոճի երաժշտության փառատոնի ժամանակ ամբոխի ուղղությամբ կրակ բացած և 59 մարդու կյանք խլած Սթիվեն Փեդոքը հանցակիցներ չի ունեցել ու գործել է միայնակ:

«Ներկայում մենք այն կարծիքին ենք, որ նա միայնակ է գործել, միայնակ գայլ էր»,-մեջբերում է շերիֆի խոսքը CNN-ը:

Միևնույն ժամանակ, նա մանրամասնել է, որ զանգվածային սպանդի դրդապատճառները դեռևս հայտնի չեն:

«Ես չեմ կարող խելագարի գիտակցության մեջ մտնել»,-ասել է Լոմբարդոն:

Աղբյուրը մանրամասնում է, որ ոստիկանությունը խուզարկել է Mandalay Bay հյուրանոց-խաղատան 32-րդ հարկում գտնվող համարը, որտեղից Փեդոքն անկանոն կրակ էր բացել՝ վիրավորելով 520-ից ավելի մարդու:

Համարի, ինչպես նաև դրանից 80 մղոն հեռավորության վրա գտնվող նրա տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք: Միայն հյուրանոցային համարում իրավապահները հայտնաբերել են 23 միավոր զենք, իսկ տանը՝ 19: Բացի այդ, 64-ամյա Փեդոքի տանը հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր, հազարավոր փամփուշտներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել էր, որ Փեդոքի հարձակման ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև կապ չկա:

Հավելենք, որ հարձակումից հետո տղամարդն ինքնասպան է եղել: