ՀՀ և ՌԴ ԶՈւ միացյալ զորախումբը ներքին ռազմական սպառնալիքների ժամանակ կարող է միջամտել, եթե կողմերը գալիս են համաձայնության. Արտակ Զաքարյան
«ՀՀ և ՌԴ միջև՝ ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանից փորձեց հստակեցնել` ներքին ապստամբությունների ժամանակ այդ միացյալ զորախումբը կարող է միջամտել, թե ոչ:
Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ ըստ համաձայնագրի դրույթների՝ նախատեսվում են նաև ներքին ռազմական սպառնալիքների դեմ համապատասխան գործողություններ, եթե կողմերը գալիս են համաձայնության։ «Միակողմանի ներխուժում չի կարող լինել»,-ասաց փոխնախարարը։
Արդեն ելույթի ժամանակ Գորգիսյանը մտահոգություն հայտնեց, որ պայմանագիրն ունի շատ լուրջ կետեր:
«Նույն այն պարագայում, թե արդյոք Ադրբեջանի հետ էլ կկնքվի նման պայմանագիր, որևէ իրավական սահմանափակում չկա, սա պետք է մտահոգեր երկու կողմերին»,-ասաց նա, ապա նկատեց, որ պատգամավորների մեծամասնությունը հետաքրքրված չէ այս լրջագույն փաստաթղթով:
«Սա կարդացե՞լ եք, ու որևէ հարց չի՞ առաջացել ձեզ մոտ: Թ՞ե այստեղ եկել եք կոճակ սեղմելու կամ PR-ի համար: Հուսամ հրացանը մեր ուղղությամբ չի կրակի»,-նշեց նա:
Նույն խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն էլ իր ելույթում ասաց, իր համար հասկանալի չէ, թե որն է այս պայմանագրի անհրաժեշտությունը: «Այս պայմանագիրն ինձ համար անգամ վիրավորական է: Ո՞նց կարելի է սեփական ուժերին այսքան չվստահել: Երրորդ կողմ չկա, որ այս պայմանագիրն ստորագրի մեզ հետ, որովհետև ղրղզներն ու բելառուսներն ավելի շատ են գնահատում իրենց ինքնիշխանությունը»,-ասաց նա:
Արամ Սարգսյանը նշեց, թե տպավորություն ունի, որ կա գաղտնի մեկ այլ պայմանագիր, որ պատերազմի դեպքում ԶՈւ գլխավոր հրամանատարը ՌԴ նախագահն է լինելու: «Հերիք եղավ, հաջորդ պայմանագրի անունն ի՞նչ է լինելու, ինչքա՞ն կարելի է»,-ասաց նա:










