Համակարգիչն է բաշխում. Լ. Ալթունյանը՝ սոցփաթեթների շահառուների առողջության ապահովագրության պայմանագրերը «Ինգո Արմենիա»-ի հետ կնքելու մասին
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հերքում է, որ սոցիալական փաթեթներով առողջության ապահովագրության պայմանագրերի առյուծի բաժինը կնքվել է իրեն պատկանող «Ինգո Արմենիա» ընկերության հետ:
Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շեշտեց, թե առողջության ապահովագրության պայմանագրերի բաժանումն իրականացվում է համակարգչի միջոցով:
«Կա համակարգչային բանաձև, և համակարգիչն է բաշխում հաճախորդներին: Ընդ որում` ամենաշատն «Ինգո Արմենիան» չի այդ հարցում»,- ասաց Լևոն Ալթունյանը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության բաժնետոմսերի միայն 25 տոկոսն է իրեն պատկանում, որն էլ հանձնել է հավատարմագրային կառավարման։
Հարցին, թե ո՞ւմ է հանձնել, նախարարը պատասխանեց՝ Արևշատ Մելիքսեթյանին, սակայն չմանրամասնեց նրա ով լինելը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը, որի համաձայն՝ Առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերում առողջության ապահովագրության պայմանագրեր:
Ըստ շրջանառվող լուրերի` ամենաշատ պայմանագրերը բաժին են ընկել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը, որը պատկանում է Լևոն Ալթունյանին:










