Հրապարակվել է Բորիս Բերեզովսկու լքված գերեզմանի լուսանկարը

23:33 • 04.10.17

Ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հրապարակել է գործարար Բորիս Բերեզովսկու գերեզմանի լուսանկարը, որից դատելով ոչ ոք չի խնամում այն:

«Բորիս Բերեզովսկու գերեզմանի լուսանկարը նրա մահից 4 տարի անց: Ընտանիք, ընկերներ, նախկին գործընկերներ, մարդիկ, ովքեր իշխանության են եկել նրա շնորհիվ, որտեղ ե՞ք»,- գրել է Վենեդիկտովը: 

Բերեզովսկին կյանքից հեռացել է Լոնդոնում 2013-ի մարտի 23-ին: Նրան հուղարկավորել են բրիտանական Սուրեյ կոմսության Բրուքվուդ գերեզմանատանը: Հարազատները որոշել էին նրան հողին հանձնել հենց այդ երկրում, քանի որ նրա հարազատներից շատերն Արևմուտքում են բնակվում:

Դիահերձումը ցույց էր տվել, որ գործարարի մահվան պատճառը շնչահեղձությունն է: Բռնության հետքերի բացակայությունը և դեպքի վայրում շարֆի հայտնաբերումը թույլ են տվել ենթադրել, որ Բերեզովսկին ինքնասպան է եղել: