Գերմանիայում հայտարարել են, որ Մերկելը միջնորդ չի լինի Կատալոնիայի հետ կապված իրավիճակում

17:33 • 04.10.17

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի ցանկանում Կատալոնիայի հետ իրավիճակի կարգավորման հարցում միջնորդի դեր ստանձնել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Կանցլերը չի ձգտում միջնորդի առաքելության, դա Իսպանիայի ներքին գործն է, մեր կարծիքով»,- ասել է Զայբերտը՝ հավելելով, որ գերմանական կառավարությունը «մեծ ուշադրությամբ հետևում է Իսպանիայում տեղի ունեցող իրադարձություններին, չափազանց շահագրգռված է երկրում կայունության պահպանմամբ»:


Զայբերտի խոսքով՝ Իսպանիայում Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեի անցկացման հետևանքով առաջացած ներքին կոնֆլիկտը պետք է լուծվի «Իսպանիայի սահմանադրության համաձայն»:


Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն անցկացվել է հոկտեմբերի 1-ին և ուղեկցվել է իրավապահ մարմինների հետ հանրաքվեի խաղաղ մասնակիցների բախումներով: Մադրիդը չի ճանաչում հանրաքվեի օրինականությունը: Հաղորդվել է, որ բախումների ընթացքում վիրավորվել է հանրաքվեի 844 մասնակից և 33 ոստիկան: