Հրապարակվել են լուսանկարներ, որոնք արվել են ոստիկանների՝ Լաս Վեգասի հրաձիգի հյուրանոցային համար ժամանելուց հետո (ֆոտոշարք)
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է Լաս Վեգասում քանթրի ոճի երաժշտության փառատոնի ժամանակ մարդկանց վրա կրակ բացած Սթիվեն Փեդոքի հյուրանոցային համարի լուսանկարները:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ լուսանկարներն արվել են ոստիկանների՝ հյուրանոցային համար ժամանելուց հետո: Դրանք ցույց են տալիս այն սարսափելի տեսարանը, որին ոստիկանական հատուկ ուժերն ականատես են եղել Mandalay Bay հյուրանոցային համարի դուռը պայթեցնելուց և նրան մահացած հայտնաբերելուց հետո:
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ Փեդոքը տեսախցիկներ էր տեղադրել սենյակից դուրս՝ ոստիկանների ժամանման մասին իմանալու նպատակով:
Կադրերից մեկում երևում է տղամարդու մարմինը և նրա կողքն ընկած զենքը: Նրա կողքին՝ սեղանի վրա, երևում է թուղթ, որը կարծես երկտող լինի: Ոստիկանությունը դեռևս չի մեկնաբանել երկտողի առկայությունը:
Լուսանկարներում նաև երևում են տասնյակ օգտագործված պարկուճներ և մուրճ, որով նա հավանաբար կոտրել է պատուհանները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ խուզարկության արդյունքում նրա սենյակում հայտնաբերվել է 23 միավոր զենք: Հայտնի է, որ նա մի քանի oր զենքը դասավորել է սենյակում՝ համարը դարձնելով դիպուկահարի «որջ»: Իսկ հոկտեմբերի 2-ին Փեդոքն իրագործել է արյունալի սպանդը:
Հայտնի է, որ Ստեֆեն Փեդոքը կրակ է բացել բացօթյա երաժշտական փառատոնի հանդիսատեսի վրա Mandalay Bay հյուրանոց-խաղատան 32-րդ հարկից՝ սպանելով 59 և վիրավորելով ավելի քան 500 մարդու: Դա ԱՄՆ ժամանակակից պատմության մեջ ամենաշատ զոհի պատճառ դարձած զանգվածային սպանությունն է: Ոստիկանությունը դեռ չի պարզել հարձակման շարժառիթը:























