Լաս Վեգասում մարդկանց վրա կրակ բացած տղամարդու ընկերուհին վերադարձել է ԱՄՆ. ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել (տեսանյութ)
Լաս Վեգասում օրերս տեղի ունեցած զանգվածային սպանությունը հետաքննող մարմինները պատրաստվում են հարցաքննել Ստեֆեն Փեդոքի ընկերուհուն, որը վերադարձել է ԱՄՆ, հայտնում է The Guardian-ը:
Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Քլարք շրջանի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն, քննիչները կապի մեջ են եղել Մարիլու Դենլիի հետ, որը Ֆիլիպիններում է գտնվել հարձակման ժամանակ:
«Նրա նկատմամբ հետաքննությունը շարունակվում է, և մենք լրացուցիչ տեղեկություններ ենք ակնկալում նրանից»,- ասել է նա լրագրողներին:
Լոմբարդոն հրաժարվել է մեկնաբանել հաղորդագրությունները, թե 64-ամյա Փեդոքը հարձակումից օրեր առաջ 100.000 դոլար է փոխանցել Ֆիլիպիններում գտնվող հաշվեհամարին:
Այնուամենայնիվ, Ֆիլիպինների հետաքննության ազգային բյուրոյի խոսնակ Նիք Սուարեզը հաստատել է դրամական փոխանցումը: Նա նաև AFP գործակալությանը հայտնել է, որ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն իրենց օգնությանն է դիմել Դենլիի գտնվելու վայրը պարզելու համար:
«Դենլին Ֆիլիպիններ է ժամանել անցած ամիս, և այնուհետև նրա հաշվին 100.000 դոլար է փոխանցվել Ստեֆենից: ՀԴԲ-ն համակարգել է Ինտերպոլի ֆիլիպինյան գրասենյակի հետ նրա որոնումները»,- ասել է նա:
Շերիֆի գրասենյակը նաև հայտնել է, որ ոստիկանությունը կրակոցների մասին առաջին հաղորդումը ստացել է տեղական ժամանակով ժամը 22:08-ին, և Փեդոքը շարունակել է կրակել «մոտավորապես 9-11 րոպե»:
Ոստիկանությունը հաստատել է նաև, որ Փեդոքը տեսախցիկներ է տեղադրել իր սենյակի ներսում և դրսում, ինչը թույլ է տվել նրան հետևել իր սենյակի շուրջ տեղաշարժին:
Հայտնի է, որ Ստեֆեն Փեդոքը կրակ է բացել բացօթյա երաժշտական փառատոնի հանդիսատեսի վրա Mandalay Bay հյուրանոց-խաղատան 32-րդ հարկից՝ սպանելով 59 և վիրավորելով ավելի քան 500 մարդու: Դա ԱՄՆ ժամանակակից պատմության մեջ ամենաշատ զոհի պատճառ դարձած զանգվածային սպանությունն է: Ոստիկանությունը դեռ չի պարզել հարձակման շարժառիթը:










