Լաս Վեգասում կրակ բացած անձը հնարավոր է պլանավորում էր հարձակում իրականացնել «Life is Beautiful» փառատոնի ընթացքում. լրատվամիջոցներ

11:06 • 04.10.17

ԱՄՆ ոստիկանությունը հետաքննում է, թե արդյոք Լաս Վեգասում մարդկանց վրա կրակ բացելուց մեկ շաբաթ առաջ Ստեֆեն Փեդոքը սենյակներ է վարձակալել ավելի մեծ երաժշտական փառատոնին նայող բարձրահարկ էլիտար շենքում: Այդ մասին իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է NBC News-ին:


Մասնավորապես, 64-ամյա տղամարդու «թիրախում» է եղել քաղաքի կենտրոնում գտնվող 21-հարկանի The Ogden բարձրահարկ շենքը:


«Սա ակտիվ, շարունակվող հետաքննություն է»,- ասել է շենքի ներկայացուցիչը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:


Շենքի հյուսիսային կողմից տեսարան էր բացվում սեպտեմբերի 22-24-ն անցկացված Life is Beautiful փառատոնի գլխավոր բեմի վրա: Փառատոնին մասնակցել են մի շարք հայտնի աստղեր՝ Լորդն ու Ուիզ Խալիֆան, այլք:


«Այդ հետաքննությունն ընթացքի մեջ է»,- ասել է Life is Beautiful փառատոնի կազմակերպիչ Ջասթին Վենիգերը:


Ավելի վաղ The Daily Beast-ը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել է, որ Փեդոքը հնարավոր է պատրաստվում էր հարձակում իրականացնել մեկ շաբաթ առաջ, և այդ նպատակով տարածք է վարձակալել Life is Beautiful փառատոնի անցկացման վայրի մոտ:


Մամուլի ասուլիսի ժամանակ Քլարք շրջանի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն նշել է, որ չի կարող հաստատել այդ տեղեկությունները:


Հայտնի է, որ Ստեֆեն Փեդոքը կրակ է բացել բացօթյա երաժշտական փառատոնի հանդիսատեսի վրա Mandalay Bay հյուրանոց-խաղատան 32-րդ հարկից՝ սպանելով 59 և վիրավորելով ավելի քան 500 մարդու: Դա ԱՄՆ ժամանակակից պատմության մեջ ամենաշատ զոհի պատճառ դարձած զանգվածային սպանությունն է: Ոստիկանությունը դեռ չի պարզել հարձակման շարժառիթը: