Մադուրոն Թրամփին մեղադրել է Վենեսուելայի տեղը չիմանալու համար, իսկ Պուտինին անվանել «նոր աշխարհի առաջնորդ»

13:18 • 04.10.17

Մոսկվայում գտնվող Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ նա չգիտի Վենեսուելայի ու Պուերտո Ռիկոյի տեղը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Թրամը կարդում է թղթից: Թրամփն անգամ չգիտի՝ որտեղ է Վենեսուելան, նա պարզապես չգիտի դա: Նա չգիտի՝ որտեղ է Պուերտո Ռիկոն, նա չգիտեր դա: Նա գնացել է Պուերտո Ռիկո, որպեսզի ժամանի և վիրավորի ողբերգության միջով անցնող ժողովրդին: Նրան ասում ես «Սիմոն Բոլիվար», իսկ նա կարծում է, թե դա ռոք երգիչ է, նա չգիտի՝ ով է նա: Նա կրկնում է այն, ինչ իր համար գրում է Պենտագոնը: Եվ իմ ձայնը երբեք չի լռի, այն միշտ բարձր կհնչի Թրամփի օրոք և ոչ Թրամփի օրոք»,- ասել է Մադուրոն Մոսկվայում անցկացվող «Ռուսական էներգետիկ շաբաթվա» ընթացքում ելույթի ժամանակ:


Մադուրոն նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է նոր ձևավորվող աշխարհի իսկական առաջնորդ:


«Նոր ձևավորվող աշխարհի իսկական առաջնորդը, աշխարհ, որտեղ մենք ցանկանում ենք ապրել, Վլադիմիր Պուտինն է»,- ասել է նա:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու «Ռուսական էներգետիկ շաբաթ» համաժողովին, ինչպես նաև հանդիպելու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: