Թրամփն ասել է, որ պուերտոռիկացիները պետք է «հպարտանան» փոթորկի զոհերի թվով. իշխանությունները նրան խնդրել են այլևս մեկնաբանություն չանել (տեսանյութ)

13:56 • 04.10.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է վերջերս «Իրմա» և «Մարիա» ավերիչ փոթորիկներից խիստ տուժած Պուերտո Ռիկո՝ հանդիպելով տեղի իշխանություններին ու տարերային աղետից տուժածներին:

Ինչպես նշում է The Independent-ը, 71-ամյա Թրամփը Պուերտո Ռիկոյի ղեկավար Ռիկարդո Ռոսելոյին հարցրել է, թե որքան մարդ է զոհվել կղզում փոթորիկների պատճառով: Երբ Ռոսելոն պատասխանել է՝ 16, ԱՄՆ նախագահն անսպասելիորեն ասել է.«Տասնվեցն ընդդեմ հազարների: Պուերտո Ռիկոն պետք է շատ հպարտ լինի զոհերի քանակով: Այս սեղանի շուրջ նստած ցանկացած մարդ և բոլոր նրանք, ովքեր մեզ դիտում են, պետք է շատ հպարտ լինեն Պուերտո Ռիկոյում կատարվածով»: Այնուհետև Թրամփը հիշեցրել է, որ 2005թ. ԱՄՆ-ն պատուհասած «Կատրին» փոթորիկի հետևանքով մոտ 2.000 մարդ էր զոհվել:

Սակայն սա չի եղել պուերտոռիկացիների հետ հանդիպման միակ տհաճ միջադեպը: Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է՝ ինչպես է պուերտոռիկացիների հետ հանդիպման ժամանակ Թրամփը որպես օգնություն անձեռոցիկների տուփեր նետում:

Իսկ նախքան այդ ԱՄՆ նախագահը ճեպազրույց է ունեցել փոթորիկների հետևանքների վերացման թեմայով, որի քննարկման ժամանակ Թրամփն ասել է, որ պուերտոռիկացիները վնաս են հասցրել իրենց բյուջեին:

«Պետք է ասեմ, որ դուք վնաս եք պատճառել մեր բյուջեին, քանի որ մենք մեծ գումարներ ենք ծախսել Պուերտո Ռիկոյի վրա, բայց ոչինչ»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Դրանից հետո Պուերտո Ռիկոյի մայրաքաղաք Սան Խուանի քաղաքապետ Կարմեն Յուլկլինը դիմել է Թրամփին՝ խնդրելով այլևս ոչ մի հայտարարություն չանել կղզու վերաբերյալ, քանի որ դա խոցում է այնտեղի բնակիչներին:

Հայտնի է, որ կղզի թռչելու ճանապարհին Թրամփը հարցազրույց է տվել Fox News-ին՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում Միացյալ Նահանգները պետք է ների Պուերտո Ռիկոյի 72 մլրդ դոլար արտաքին պարտքը: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ այդ պարտքին կարելի է արդեն «հրաժեշտ տալ»: Մինչդեռ վերլուծաբանների կարծիքով՝ կղզում փոթորիկների հետևանքները վերացնելու համար կպահանջվի մոտ 95 մլրդ դոլար:

Նշվում է, որ ավերիչ փոթորիկների պատճառով պուերտոռիկացիների կեսից ավելին զուրկ է էլեկտրաէներգիայից, սննդի ու խմելու ջրի պաշարները սահմանափակ են: