ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ՌԴ ԶՈւ միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը. ՊՆ փոխնախարարը հստակեցրեց՝ Արցախին այն չի վերաբերում (ուղիղ)

13:06 • 04.10.17

ԱԺ-ն քննարկում է «ՀՀ և ՌԴ միջև՝ ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցողը՝ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը, նշեց, որ համաձայնագիրն ուղղված է ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի միջև նորմատիվաիրավական բազայի կատարելագործմանը, ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը, կազմի և կիրառման հետ կապված խնդիրների համատեղ պլանավորմանը:

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը հարցրեց, թե համաձայնագիրն ինչքանո՞վ է առնչվում ԼՂՀ սահմանների անվտանգության ապահովմանը:

«Համաձայնագրով նախատեսվում են միացյալ գործողություններ, որոշումների կայացում և զորքերի կիրառում ՀՀ տարածքի նկատմամբ ամբողջական սպառնալիքի և ագրեսիայի դեպքում և ՌԴ-ի տարածքի նկատմամբ ամբողջական սպառնալիքի և ագրեսիայի դեպքում»,-ասաց փոխնախարարը։

«Այսինքն՝ միայն ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի կամ ռազմական գործողությունների կիրառման դեպքում է»,-ասաց նա: