ԱԺ-ն վավերացրեց հայ–ռուսական զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը. դեմ էր միայն «Ելք»–ը (ուղիղ)

10:44 • 05.10.17

Ազգային ժողովն այսօրվա նիստում վավերացրեց «ՀՀ և ՌԴ միջև՝ ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Համաձայնագիրն ընդունվեց 83 կողմ, 7 դեմ ձայներով: Նախագծին դեմ էր «Ելք» խմբակցությունը:

Նշենք, որ համաձայնագիրն ուղղված է ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի միջև նորմատիվաիրավական բազայի կատարելագործմանը, ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը, կազմի և կիրառման հետ կապված խնդիրների համատեղ պլանավորմանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանը նախորդ օրվա քննարկված հարցերի քվեարկությունից հետո այսօր կանդրադառնա կիսատ թողնված համաձայնագրի քննարկմանը՝ ՌԴ կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին:

Կքննարկվի նաև «Ազատ առևտրի գոտու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից պետությունների միջև պետական գնումների կարգավորման կանոնների և ընթացակարգերի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը, «Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի օգտագործման եւ մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը:

Քննարկման կներկայացվի նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, « Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը և այլն: