Ի՞նչ է, մեր կառավարությունը տեղյակ չէ՞ «Գլենդել հիլզի» գործերից. վերջապես պետք է իմանանք՝ ով է մեզ թալանել. օտարված տների բնակիչները կառավարության առջև են

13:50 • 05.10.17

Երևանի Հանրապետության, Արամի, Ֆիրդուսի, Տիգրան Մեծ փողոցների բնակիչների բնակարանի խնդիրը արդեն 9 տարի է լուծում չի ստանում: Դեռ 2011 թ. «Գլենդել հիլզ»-ի շենքերում նրանց բնակարաններ պետք է հանձնված լինեին, բայց 2015 թ. ընկերությունը սնանկ է ճանաչվել:

Այսօր կառավարության դիմած հավաքված բնակիչները Tert.am–ին պատմեցին, որ անթիվ հանդիպումներ են ունեցել տարածքը սեփականաշնորհած ընկերության տարբեր ներկայացուցիչների հետ. խնդիրները լուծում չեն ստացել: Դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին և այլ պաշտոնյաների:

«Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել է, թե ի զորու չեն իրենք, դիմենք դատախազություն, քրեական գործ հարուցենք: Ի՞նչ է, մեր կառավարությունը տեղյակ չէ՞ «Գլենդել հիլզի» գործերից: Հիմա ուզում ենք, որ մեր հարցին լուծում տան, վերջապես իմանանք` ով է այս երկրի տերը, ով է մեզ կեղեքել, թալանել»,- նշեց բնակիչներից մեկը:

Հիշեցնենք, որ 2007 թվականից Հանրապետության, Արամի, Ֆիրդուսի, Տիգրան Մեծ փողոցների 106 ընտանիքների տներ օտարվել են: Տարածքը պետք է կառուցապատեր «City center development» ընկերությունը, որի սեփականատերը «Գլենդել հիլզ»-ի գլխավոր տնօրենն է: Իսկ 2015 թ. ընկերությունը սնանկ է ճանաչվել:

Բնակիչները դիմել են դատարան, ճանաչվել են պահանջատեր, բայց արդեն երկրորդ տարին է, ինչ հարցին ոչ մի լուծում չի տրվել. նրանց ոչ բնակարան են տրամադրում, ոչ էլ գումարն են վերադարձնում:

«Մենք գումարներ պետք է վճարեինք, մեր պայմանագրով այդպես էր: 30 տոկոսը համարյա բոլորս ամեն ամիս վճարել ենք: Մարդ կա` ամբողջ գումարն է վճարել, և այդ գումարը մնացել է օդում: 9 տարի մեզ խաբել են, մինչ օրս ոչ մի լուծում, ոչ մի բան»,- ասաց մեկ այլ բնակիչ: