ԱԺ միջանցքում Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա. Նիկոլ Փաշինյան

11:17 • 05.10.17

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Facebook սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝  ասելով, որ պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա։

Նիկոլ Փաշինյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։

Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։

Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»։

Միջադեպի մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է նաև  «Ելք» խմբակցության  պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

«Քիչ առաջ Արտաշես Գեղամյանը միջանցքում բռունցքներով հարձակվել է Նիկոլ Փաշինյանի վրա, սպառնալով՝ իր անունը այլևս չասել։ Ժողովուրդ սա ԱԺ է, թե ոնց, խնդրում եմ ձեր պատգամորներին կարգի հրավիրեք, եթե զսպաշապիկի կարիք ունեք, ասեք իմանանք, եթե մեր վրա հարձակվելու են, մենք էլ տրամադրված գանք, դուբինկաներով, կասկաներով»,-ասաց նա:

Նա խորհուրդ տվեց առաջիկա ՀՀԿ կուսակցության կամ խմբակցության նիստին հարցը քննարկել և եթե կարգապահական տույժեր կան, կիրառել։ «Սա անընդունելի է ՀՀ ԱԺ-ում, մենք սրա համար պետություն ու ԱԺ չենք ստեղծել: Չեմ պատկերացնում՝ այս մթնոլորտում կարելի՞ է աշխատել առհասարակ»,-ասաց նա: