Մտահոգ եք, որ Փայլանին ծեծում են թուրքական պառլամենտում, մտահոգվեք, որ նրանց չնմանվեք. «Ելք»–ը ՀՀԿ-ից պահանջեց դատապարտել Փաշինյանի ծեծը (ուղիղ)

12:57 • 05.10.17

«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ընթացքում, երբ քննարկվում էր 2013 թվականի հոկտեմբերի 10-ին Կումամոտոյում ստորագրված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան վավերացնելու մասին հարցը, անդրադարձավ ԱԺ միջանցքում ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանի հետ տեղի ունեցած միջադեպին:

Պատգամավորը նշեց, որ թեև Արտաշես Գեղամյանը հերքում է տեղի ունեցածը, որ բռունցքներով հարվածել է իրեն, սակայն միջադեպի ժամանակ վկաներ եղել են: «ՀՀԿ-ից պարզաբանում ենք պահանջում տեղի ունեցածի կապակցությամբ, և հստակ պետք է պարզաբանվի, թե խուլիգանական այս արարքն ինչ կապ ունի Վահրամ Բաղդասարյանի` ոչ հեռավոր անցյալում արտահայտած այն մտքի հետ, թե ձեր պադեզդները զգույշ մտեք, կարող է ինչ-որ բաներ տեղի ունենան: Սա լուրջ հարց է և մենք մտադիր ենք մինչև վերջ հետամուտ լինել»,-ասաց նա:

Մինչ հարցը կփորձեր պարզաբանել ամբիոնի մոտ գտնվող հարակից զեկուցող, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը, նիստը վարող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց, թե իրենք իսկապես իրենց մտահոգությունն են հայտնում ցավալի դեպքի կապակցությամբ և համաձայն են, որ պարզաբանումներ պետք է տրվեն:

Արմեն Աշոտյանը նշեց, թե տեղյակ չէ միջադեպից, բայց կխնդրեր հետևել աշխատակարգին և պատեհ պահին հարցը բարձրացնել:

«Բոլոր դեպքերում, դատապարտելի է քաղաքական մշակույթի մեջ միջանձնային հարաբերությունները ոչ քաղաքական գործիքակազմով լուծելու ցանկացած փորձ։ Թե ինչ է  եղել իրականում, կարծում եմ, որոշ ժամանակ անց կլինեն պարզաբանումներ, խմբակցությունները կանդրադառնան»,- ասաց նա:


Հարցի իրավունք ուներ նաև «Ելք» խմբակցությունից Մանե Թանդիլյանը, ով ևս միջադեպին անդրադարձավ: «Իրավիճակը դառնում է վտանգավոր։ Ես գտնում եմ, որ որևէ պատգամավորի ծեծի ենթարկելն անթույլատրելի է։ Եվ երբ դեմքի մտահոգ արտահայտությամբ խոսում ենք, թե Կարոն Փայլանին ծեծի են ենթարկում թուրքական պառլամենտում, ուրեմն մենք պետք է ավելի մտահոգ լինենք չնմանվելու հարցում։ Ես ակնկալում եմ դատապարտող հայտարարություններ ՀՀԿ-ից, որ կարողանան ցույց տալ, որ ազատ խոսքի կաշկանդումներ չենք փնտրում այս դահլիճում, և որևէ մեկի անուն տալը չի ենթադրում, որ պետք է ծեծի ենթարկեն միջանցքներում»,-ասաց նա:

Արմեն Աշոտյանը կրկին հորդորեց գնահատականներ չտալ՝ «կպնելով» կուսակցությանը, խմբակցությանը. «Մի շտապեք գնահատականներ տալ,  դուք քաղաքական հայտարարություններ եք  անում այս դահլիճում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում նաև իր Facebook սոցցանցի էջում գրառում է կատարել՝ նշելով, որ պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա։

Նույն հարցին էր առնչվում նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի հարցը, ով արտառոց համարեց տեղի ունեցածը:

Աշոտյանը դիմեց նիստը վարողին. «Կանխեք հարցին չվերաբերող հարցադրումները: Հանձնաժողով կա, քննարկում կլինի, կնայենք: Հիմա առաջարկում ենք քննարկումների հռետորաբանության աստիճանը նվազեցնել, անգամ եթե միջադեպը եղել է, արտառոց է բոլորիս համար»,- ասաց նա: