Մոսկվայի կենտրոնում հայ գործարարի վրա 4 կրակոց է արձակվել. կատարվածի հիմնական վարկած դիտարկվում է պատվերով սպանությունը
Մոսկվայի կենտրոնում մահափորձի ենթարկված հայազգի գործարար Արսեն Փափազյանը մահացել է վերակենդանացման բաժանմունքում:
Ինչպես հայտնում է РБК-ն՝ հղում անելով ՌԴ իրավապահ մարմիններին, Փափազյանը մահացել է Ն. Ի. Պիրոգովի անվան քաղաքային թիվ 1 հիվանդանոցում, որտեղից դեռևս հստակ մեկնաբանություն չի ստացվել նրա մահվան վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ անհայտ անձը կրակ էր բացել 46-ամյա Փափազյանի ուղղությամբ Մոսկվայի Մյասնիցկայա փողոցում 15:30-ի սահմաններում: Ինչպես նշվում է, գործարարի վրա 4 անգամ են կրակել: Միջադեպից հետո նրան անմիջապես տեղափոխել էին հիվանդանոց:
Վորոնեժի մարզի ղեկավարությունից հերքել են տեղեկությունն այն մասին, որ Փափազյանը մարզի հայկական սփյուռքի ղեկավարն է եղել: Աղբյուրի հաղորդմամբ՝ շփոթմունքը պայմանավորված է համայնքի նախկին ղեկավարի (Պապոյան) անվան հետ նմանության պատճառով:
Նշենք, որ մահափորձի գործով քրեական վարույթ է սկսել ՌԴ Քննչական կոմիտեն: Որպես կատարվածի հիմնական վարկած դիտարկվում է պատվերով սպանությունը:
![]()










