ԻՊ ահաբեկիչներն իրենց աջակիցների 80 տոկոսին հավաքագրել են համացանցի միջոցով. Իտալիայի ՆԳՆ
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն իր աջակիցների 80 տոկոսին հավաքագրում է համացանցի միջոցով: Այդ մասին հայտնել է il Messaggero կայքը՝ վկայակոչելով Իտալիայի ներքին գործերի նախարար Մարկո Մինիտիին:
«ԻՊ-ը դարձել է առաջին ահաբեկչական կազմակերպությունը, որը համացանցը դարձրել է իր հիմնական զենքը: Համաշխարհային ցանցը կարևորագույն դեր է խաղում ծայրահեղ իսլամ ընդունելու գործընթացում և կրոնական ֆանատիկության տարածման համար: Այդ աշխատանքի 80 տոկոսն իրականացվում է համացանցի միջոցով, գլխավորապես՝ գրոհայինների և աջակիցների հավաքագրման նպատակով: Այդ ռազմավարությունը թույլ է տալիս ստեղծել կազմակերպության ազդեցության մասշտաբների մասին տպավորություն»,- ասել է Մինիտին կիբեռանվտանգության մասին համաժողովի ժամանակ:
Մինիտին, որը նախկինում ղեկավարել է ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը, կարծում է, որ ահաբեկչական նպատակներով համացանցի օգտագործման խնդիրը «շատ բարդ և լուրջ» է, իսկ այն լուծելը՝ չափազանց դժվար:










