Ոչ ոք ինձ չի կարող ասել, որ դա կապ չուներ փողերի հետ. Եվրախորհրդարանի անդամ Էնգելը խոսել է Սաֆարովին արտահանձնելու Հունգարիայի որոշման մասին
Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը հարցազրույց է տվել Budapest Beacon-ին՝ անդրադառնալով հայ սպային կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու Հունգարիայի որոշմանը, ինչպես նաև «Ադրբեջանի լվացքատուն» անվանումով հայտնի սկանդալային բացահայտումներին, հայտնում է asbarez.com-ը:
Էնգելը նշել է, որ այդ սկանդալի հետևանքները կերևան, երբ ԵԽԽՎ-ն ավարտի իր ներքին հետաքննությունը:
«Սովորական պայմաններում ես կասեի՝ չեմ կարող հավատալ դրան, սովորական պայմաններում… Բայց քանի որ ես գիտեի՝ Հունգարիայում 2010 թվականին ինչ տեսակի կառավարություն է եկել իշխանության, ես այդքան էլ զարմացած չէի: Եվ իմ առաջին միտքը, իհարկե, իմանալով Ադրբեջանին, այն էր, որ նրանց գնել են»,- ասել է Էնգելը՝ խոսելով Ռամիլ Սաֆարովի գործի մասին:
Նա նշել է, որ Սաֆարովի արտահանձնումը տեղի չէր ունենա մինչև «Ֆիդես» կուսակցության իշխանության գալը, քանի որ նա սարսափելի հանցագործություն էր գործել և դատապարտվել էր երկար ժամկետով ազատազրկման: Եվրախորհրդարանի անդամը շեշտել է, որ Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին Վիկտոր Օրբանի իշխանության օրոք՝ այն բանից հետո, երբ նա վերադարձավ Ադրբեջան կատարած այցից:
«Ոչ ոք ինձ չի կարող ասել, որ դա կապ չուներ փողերի հետ: Ոչ մի պատճառ չկար, թե ինչու պետք է Եվրոպայում քրիստոնեության պաշտպանը՝ Վիկտոր Օրբանը, հրաժարվեր աշխարհում առաջին քրիստոնյա ազգի՝ Հայաստանի հետ երկրի բարեկամությունից, եթե նա և նրա կառավարությունը դրա համար գումար ստացած չլինեին»,- ասել է Էնգելը հարցազրույցում:
Եվրախորհրդարանի անդամը խոսել է նաև ներկայում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների և Սաֆարովի սպանության պատճառների մասին:
«Ղարաբաղի ժողովուրդը սաֆարովների նմաններից և նրանց հրամանատարներից եկող ամենօրյա վտանգի տակ է, և շտապ պաշտպանության կարիք ունի»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Ադրբեջանի լվացքատուն» անվանումով հետաքննությունը վկայում է, որ Հունգարիան Ռամիլ Սաֆարովին վաճառել է Ադրբեջանին 7 միլիոն դոլարի դիմաց:
Átlátszó.hu հունգարական հետաքննական լրագրողական կազմակերպության, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման կենտրոնի (OCCRP), դանիական Berlingske-ի, The Guardian-ի և այլ լրատվամիջոցների հետաքննությունները բացահայտել են, թե ինչպես են Ադրբեջանի իշխող էլիտայի հետ կապված գումարներն օգտագործվում աշխարհում ազդեցություն գնելու և Ադրբեջանի նախագահի միջազգային հեղինակությունը բարելավելու համար:
Հետաքննությունը պարզել է, որ ընդհանուր ավելի քան 7 միլիոն դոլար արժողությամբ մի քանի բանկային փոխանցումներ են իրականացվել Բուդապեշտում MKB բանկում բացված հաշիվներին հենց այն ժամանակ, երբ Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին հանձնեց ադրբեջանցիներին:
Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը և Գուրգեն Մարգարյանը մասնակցել են Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կողմից հովանավորվող անգլերենի դասընթացների: 2004 թվականի փետրվարի 19-ին Սաֆարովը կացնահարելով սպանել է հայ սպային: 2006 թվականի ապրիլին Սաֆարովը մեղավոր է ճանաչվել Բուդապեշտի դատարանի կողմից և դատապարտվել ցմահ բանտարկության՝ 30 տարի անց պայմանական ազատ արձակման հնարավորությամբ:
2012 թվականի օգոստոսին Հունգարիայի արդարադատության նախարարությունը թույլ է տվել Սաֆարովին տեղափոխել Ադրբեջան, և օգոստոսի 31-ին Ադրբեջան տեղափոխվելուց մի քանի ժամ անց Սաֆարովին ներում է շնորհվել Ադրբեջանի նախագահի կողմից, և նա ազատ է արձակվել: Նրան շնորհվել է ութ տարվա աշխատավարձ և բնակարան, ինչպես նաև բարձրացվել է նրա ծառայողական աստիճանը:










