Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցու ավերումից ու պղծումից հետո հայերն առաջին անգամ կարողացել են ներս մտնել ու աղոթք անել (լուսանկար)

12:20 • 05.10.17

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու՝ 2015թ.-ից սկսված ու մինչ վերջերս շարունակված ավերումից հետո որոշ հայերի առաջին անգամ հաջողվել է ներս մտնել ու ավանդական աղոթք իրականացնել:


Նշենք, որ 2015թ.-ի մարտին վերսկսված թուրք-քրդական բախումների հետևանքով Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասը, որտեղ էլ գտնվում է հայկական եկեղեցին, հայտարարված է որպես արգելված գոտի:


Շաբաթներ առաջ համացանցում էին հայտնվել թուրքական ԶՈւ-ի և քուրդ զինյալների բախումների հետևանքով կրակի տակ հայտնված և ավելի ուշ պղծված Սուրբ Կիրակոսի լուսանկարները: Լուսանկարներում երևում է, որ 2011թ.-ին վերակառուցված ու տեղի հայ համայնքի առաջ իր դռները բացած եկեղեցին ամբողջովին կողոպտված ու պղծված է, ինչպես նաև օգտագործվել է որպես պահեստ և ապաստարան զինված բախումների ժամանակ: Դեռևս անհայտ է մնում, թե ովքեր են եկեղեցին որպես պահեստ կամ կացարան օգտագործել՝ թուքական ԶՈւ-ի զինվորականները, թե քուրդ զինյալները:


Եկեղեցու հիմնադրամի կողմից համացանցում տարածված լուսանկարից տեղեկանում ենք, որ օրերս հայերին հաջողվել է եկեղեցու ավերումից հետո առաջին անգամ կրկին տարածք մտնել ու աղոթել այնտեղ: Թե ինչպես է համայնքը կարողացել ներս մտնել արգելված գոտի՝ չի հստակեցվում:


Նշենք, որ օգոստոսին՝ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին, Դիարբեքիրի հայ համայնքը չէր կարողացել մտնել եկեղեցի և նշել տոնը:


2015թ.-ին թուրք-քրդական բախումների կիզակետում գտնվող Սուր պատմական թաղամասի Սուրբ Կիրակոս եկեղեցին ավերածության էր ենթարկվել, այնուհետև պետականացվել: Թեև տեղի հայ համայնքի ջանքերով եկեղեցին հաջողվեց վերադարձնել հիմնադրամին և կանխել Սուրբ Կիրակոսի ամբողջական ավերումը, եկեղեցին վերաբացելն ու տարածք մտնելը մինչ օրս շարունակում է վտանգավոր մնալ:

 



Image may contain: 1 person, standing and outdoor