ԻՊ-ն ուժերը Սիրիայից տեղափոխում է Պակիստան. ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոն

15:02 • 05.10.17

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները, պարտություն կրելով Սիրիայում, զանգվածաբար տեղափոխվում են Պակիստանի Վազիրիստան շրջան: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ԱՊՀ անդամ պետությունների հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը:


«2016 թվականի ձմեռվանից դիտվում է Սիրիայից և Իրաքից Վազիրիստան շրջան (Պակիստան) ԻՊ գրոհայինների զգալի ուժերի տեղափոխում՝ նրանց հետագա վերադասավորմամբ: Այլ խոսքով՝ Սիրիայում ռազմաքաղաքական խնդիրների լուծումը մի կողմից նվազեցնում է զինված ծայրահեղականների թիվը ֆիզիկական մակարդակով, մյուս կողմից՝ ստիպում է ԻՊ-ին փոխել ոչ միայն ռազմավարությունը, այլև առաջիկա ակտիվության աշխարհագրությունը»,- ասել է նա:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է, որ Սիրիայում և Իրաքում պարտությունից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներն անցել են Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս համաշխարհային նոր ահաբեկչական ցանցի ստեղծման: Բորտնիկովը նշել է, որ ահաբեկիչները մարտահրավեր են նետել քաղաքակիրթ աշխարհին և ցանկանում են խուճապ սփռել աշխարհի տարբեր անկյուններում, վախեցնել իրենց դեմ պայքարող երկրներին: Նրանք նաև ցանկանում են աջակիցներին և հովանավորներին ցուցադրել «հետագա ակտիվ գործողությունների ունակությունը»: